Հայրենադարձվող ընտանիքը՝ գեղեցիկ ու ոգևորող օրինակ


Հայրենադարձվող ընտանիքը՝ գեղեցիկ ու ոգևորող օրինակ

  • 22-03-2018 17:38:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայրենադարձվող բազմազավակ ընտանիքի հայր, գործարար Կարեն Պապյանին: 
 
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Կարեն Պապյանի և նրա կնոջ՝ Սվետլանայի անզուգական ընտանիքը, որում մեծանում են նրանց 5 հիասքանչ զավակները, օրինակ են յուրաքանչյուրի համար: «1993 թվականից լինելով Հայրենիքից հեռու, ապրելով Ռուսաստանի Պերմ քաղաքում, լինելով տեղի հայ համայքնի և հայկական մշակութային կենտրոնի ստեղծման ակունքներում՝ Դուք չեք մոռացել Ձեր արմատների, պատմության ու հայրենի հողի մասին, Հայաստանը պահել եք Ձեր սրտում, հայեցի դաստիարակել Ձեր զավակներին: Պատահական չէ, որ  2011թ.-ին հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար Սփյուռքի նախարարության կողմից ստացել եք շնորհակալագիր: Եվ ահա այսօր անչափ ուրախ եմ տեղեկանալ, որ Ձեր մեծ, գեղեցիկ ընտանիքը որոշել է վերջնականապես հայրենադրձվել, ապրել ու արարել ազատ ու անկախ Հայաստանում»,-նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Շնորհակալություն հայտնելով նախարարին և ողջ նախարարությանը՝ Կարեն Պապյանը շեշտեց, որ հայրենադարձվելու որոշումն ընդունելու հարցում վճռորոշ է եղել «Արի տուն» ծրագրի դերակատարությունը: «2017 թվականին երեք երեխաներս դարձան արիտունցի, վառ տպավորություններ ստանացան և խնդրեցին մեզ վերադառնալ ու ապրել Հայաստանում: «Արի տուն» ծրագրի շնորհիվ էլ ավելի ուժգնացավ մեր երեխաների սերը Հայրենիքի նկատմամբ, նրանք ցանկանում են այստեղ սովորել, ստանալ բարձրագույն կրթություն, աշխատել: Վստահ եմ, որ նրանք կլինեն լավ քաղաքացի ու լավ հայ»,-նշեց հայրենադարձած ընտանիքի հայրը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն