Թուրքիան խոսքից անմիջապես գործի է անցել, առայժմ` 12 զոհ


Թուրքիան խոսքից անմիջապես գործի է անցել, առայժմ` 12 զոհ

  • 22-03-2018 18:20:27   | Թուրքիա  |  Քաղաքական

 
 
 
 
Թուրքիայի բանակը հայտարարել է, որ մարտի 20-ին Իրաքի հյուսիսային շրջանի վրա իր կատարած հարձակման արդյունքում սպանվել են Քրդստանի բանվորական կուսակցության 12 անդամներ:
Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկով, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը դրա նախօրեին` մարտի 19-ին, Ստամբուլում սպառնացել էր. «Թուրքիան Իրաքի կենտրոնական իշխանությանը բազմիցս հիշեցրել է, որ այդ երկրի հյուսիսում գտնվող Սինջարի տարածքի բարձունքները վերածվել են ահաբեկիչների համախմբման վայրի, ու եթե նրանց սանձելու համար Բաղդադի կողմից քայլեր չձեռնարկվեն, այդ տարածքի դեմ ռազմական հարձակում կիրականացվի»:
Էրդողանը հաջորդ օրն արդեն իր այս սպառնալիքն իրագործել է` Իրաքի իշխանություններին փաստորեն ընդամենը կես կամ մեկ օր ժամանակ տալով Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող ՔԲԿ-ի անդամներին սանձելու համար, ինչը, թերևս բոլորին էլ հասկանալի է, նույնիսկ ցանկության դեպքում էլ անհնար էր:
Հիշյալ հարձակման հաջորդ օրը, այսինքն` երեկ, Բաղդադում հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ահմեդ Յըլդըզը և Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաաֆարին: Հանդիպման ընթացքում Իրաքի արտաքին գործերի նախարարը քննադատել է Թուրքիայի զինուժի մուտքն Իրաք և այդ երկրի հյուսիսում իրականացրած ռազմական գործողությունը: «Ֆարս» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Իբրահիմ ալ Ջաաֆարին ընդգծել է նման գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը:
«Իրաքը երբեք հարևան երկրներին թույլ չի տալու երկրի տարածքում ռազմական քայլերի դիմել»,- ասել է Իրաքի արտգործնախարարը:
Թուրքիայի արտգործնախարարի տեղակալն, իր հերթին, պահանջել է Անկարայում անհապաղ գումարել Թուրքիա-Իրաք համատեղ կոմիտեի նիստ` առկա խնդիրները քննարկելու ու դրանց լուծումը գտնելու նպատակով:
   
 
Նոյյան տապան  -   Քաղաքական