«Զբոսավարները մեր երկրի դեսպաններն են». ԵՊՀ-ում քննարկվել են զբոսաշրջության ոլորտի հիմնախնդիրները


«Զբոսավարները մեր երկրի դեսպաններն են». ԵՊՀ-ում քննարկվել են զբոսաշրջության ոլորտի հիմնախնդիրները

  • 23-03-2018 16:13:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտագործնական քննարկում:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով, որ զբոսաշրջությունն անմիջականորեն կապված է երկրի ճանաչման, ինչպես նաև տնտեսության զարգացման հետ. «Զբոսաշրջությունն այսօր ծառայությունների այն ոլորտն է, որն աշխարհում երևելի տեղ է գրավում: Բոլոր երկրները շահախնդիր են զարգացնելու այս ոլորտը, որի արդյունքում նոր ճանապարհներ կկառուցվեն, նոր աշխատատեղեր կբացվեն և նոր մշակույթ կձևավորվի: Մեր երկրի համար, որն ունի այսպիսի քաղաքակրթություն և անցած ճանապարհ, զբոսաշրջությունը նույնպես կարևոր և հատկանշական ոլորտ է: Այսօրվա քննարկումը հիմնական, սկզբունքային և անհրաժեշտ քայլ պետք է դառնա ոլորտում մեր փիլիսոփայությունը հաստատելու և տարածելու հարցում»: 
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը լրագրողների հետ զրույցում ավելացրեց, որ ոլորտին անհրաժեշտ կադրեր պատրաստող տասնյակ հաստատություններ և կազմակերպություններ են գործում երկրում: «Այսօր մենք արդեն խոսում ենք որակի զարգացման մասին, ավելին՝ ընդհանուր կրթությունից բացի՝ մասնագիտացումներ ունենալու մասին»,- ասաց Մեխակ Ապրեսյանը՝ փաստելով, որ վերջին տասը տարիների ընթացքում եռապատկվել է դեպի Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը:
Գիտագործնական քննարկմանը մասնակցում էին ոլորտի ներկայացուցիչներ տարբեր կազմակերպություններից և հաստատություններից: Քննարկման սկզբում զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը և ամբիոնի դոցենտ Գոռ Ալեքսանյանը: Զեկուցումների թեմատիկ ուղղվածություններն էին ոլորտի տեսական, գործնական և կրթական հիմնախնդիրները: 
Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, ներկայացնելով «Կայուն զբոսաշրջության զարգացումը ՀՀ-ում որպես անհրաժեշտություն» խորագրով զեկուցումը, նշեց, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա ոլորտի նկատմամբ, որն ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը. «Բացասական կողմերից հիմնականն այն է, որ ոչ բոլոր կադրերն են պրոֆեսիոնալ: Զբոսաշրջությունը համակարգ է, ծառայությունների համալիր, իսկ ծառայությունների մատուցումը պետք է իրականացնեն պատրաստված կադրեր»:
 Սեյրան Սուվարյանը նշեց, որ զբոսաշրջումն ամբողջ աշխարհում զանգվածայինից տեղափոխվել է դեպի կայուն զարգացող ոլորտ. «Կայուն զբոսաշրջությունը հանգեցնում է բոլոր ռեսուրսների այնպիսի կառավարմանը, որի միջոցով բավարարվում են տնտեսական, սոցիալական և գեղագիտական կարիքները՝  միաժամանակ պահպանելով մշակութային ամբողջականությունը, էական էկոլոգիական գործընթացները, կենսաբանական բազմազանությունը և կյանքի համար անհրաժեշտ համակարգերը»:
Խոսելով ՀՀ-ում զբոսաշրջության այլընտրանքների մասին՝ Սեյրան Սուվարյանն առանձնացրեց գյուղատնտեսության զարգացման բնական և սոցիալ-տնտեսական  մեծ ռիսկերը, արդյունաբերության զարգացման ֆինանսական, ռեսուրսային, կադրային  պակասորդը և ժամանակատարությունը, ինչպես նաև տեղեկատվական, տեխնոլոգիաների  զարգացման  սահմանափակ հնարավորությունները՝ կապված ՀՀ գլոբալացման ցածր մակարդակի հետ:
Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար, ըստ Սերվիսի ամբիոնի վարիչի, պետք է ստեղծել տարածական դեստինացիաներ. «Դեստինացիան՝ որպես տարածական միավոր, զբոսաշրջիկների ոչ նյութական պահանջները բավարարող և նյութական պահանջների բավարարումը բարելավող ծառայությունների համակարգ է: Ի դեպ, սերվիսային  հասարակության առաջարկն է որոշում  զբոսաշրջային դեստինացիայի ձևավորումը և զարգացումը»: 
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը զեկուցեց «ՀՀ բնապահպանական խնդիրները՝ որպես կայուն զբոսաշրջության զարգացման խոչընդոտ» թեմայով, որի շրջանակում անդրադարձավ Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված ռիսկերին: Ֆակուլտետի դեկանն առանձնացրեց սողանքների վտանգը. «Կարևոր նշանակության շատ ճանապարհներ անցնում են լեռնային վայրերով, որոնք ոչ բոլորն ունեն կայուն հիմքեր: Պետք է աշխատել այս ուղղությամբ, որպեսզի զբոսաշրջության զարգացման ճանապարհին խոչընդոտներ չունենանք»:
Գոռ Ալեքսանյանը, ներկայացնելով «Կայուն զբոսաշրջության մասնագետների պատրաստումը ԵՊՀ-ում և տեղական աշխատաշուկայի պահանջները» զեկուցումը, ասաց, որ Հայաստանի համար  կադրերի պատրաստման գործում առաջամարտիկի դեր է կատարում ԵՊՀ-ն, որն իր կազմում գործող Սերվիսի ամբիոնի միջոցով փորձում է նորություն մտցնել ՀՀ զբոսաշրջային ոլորտի իրականության մեջ։ 
Դոցենտը խոսեց ամբիոնի պատմության և ներկայիս գործունեության մասին և ներկայացրեց իր կողմից իրականացված հետազոտության արդյունքները և դրանցից բխող հիմնախնդիրները: Գոռ Ալեքսանյանը շեշտեց, որ հարցվածների մոտ 90 %-ը ոչ մասնագիտական կրթություն ունեն. «Աշխատաշուկայում պահանջվում է կատարող, այլ ոչ թե մտածող մասնագետ: Բացի այդ՝ առկա է աշխատաշուկայի և կրթության ոլորտի գաղափարական անհամապատասխանություն»:
Զեկուցումների ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ոլորտի ներկայացուցիչները հայտնեցին իրենց կարծիքները և հանդես եկան առաջարկություններով: Օրինակ՝ ՀՀ ԱԻՆ աշխատակից Արմեն Կարապետյանը հորդորեց յուրաքանչյուր ծրագիր կազմելուց առաջ ավելի մեծ ուշադրություն դարձնել ռիսկերի գնահատմանը:
Քննարկման մասնակիցները խոսեցին կրթության, համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցության անհրաժեշտության, կադրերի պատրաստման գործում օտար լեզուների ուսուցմանը մեծ կարևորություն տալու, աղբահանության խնդիրների և այլ հիմնախնդիրների, ինչպես նաև դրանց լուծմանը միտված քայլերի անհրաժեշտության մասին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play