Մարդասիրական ականազերծման գործընթացում Հայաստանը կարող է աջակցել նաև այլ երկրների


Մարդասիրական ականազերծման գործընթացում Հայաստանը կարող է աջակցել նաև այլ երկրների

  • 23-03-2018 15:26:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 23-ին ՀՀ ԱԻ նախարարության և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ հակաականային գործունեության ու աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության մասին:
 
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:
 
Գ. Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց ականային խնդրի վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու կարևորությունը.
- Բոլորս շատ լավ գիտակցում ենք ականազերծման նշանակությունը մեր ժողովրդի անվտանգության համար, և դա դիտարկում որպես աղետների ռիսկի նվազեցման միջոցառում: Ականային խնդիրն աղետների ռիսկի առաջացման աղբյուր է և աղետների դեպքում լուրջ խոչընդոտ կարող է դառնալ փրկարարական աշխատանքների իրականացման համար:
 
Կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը նշեց, որ ականային խնդրի լուծումը կապված է նաև երկրի տնտեսական ենթակառուցվածների ու համայնքների համաչափ զարգացման հետ:
- Այս հուշագիրը համագործակցության նոր հարթակ է, որի շնորհիվ մենք կարող ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր: Միաժամանակ՝ սա մեր երկրին հնարավորություն կտա մյուս երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերել նաև ականազերծման գործընթացում,- ասաց Ռ.Առաքելյանը:
 
ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը նշեց, որ համագործակցությունը ծավալվելու է հիմնականում ՓԾ Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հետ, ինչը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը:
 
ԱԻ նախարարությունն ու Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը համագործակցությունը կզարգացնեն հետևյալ ուղղություններով՝
ականների վտանգի իրազեկում, որի նպատակն է նվազեցնել կամ չեզոքացնել ականների և/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների ազդեցությունը մարդկանց կյանքի և առողջության վրա՝ վերջիններիս ուսուցման և իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով.
ականների և/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների հայտնաբերման, ականային պատահարների և ականներից տուժած անձանց մասին տեղեկությունների փոխանցում ՀԱՓԿ-ին.
հակաականային գործողություններում տեխնիկական և մասնագիտական օժանդակության տրամադրում.
հակաականային գործողությունների և աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ դասընթացների կազմակերպում:
 
Վերջերս հաստատված «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցի համաձայն՝ նախատեսվում է համայնքների անձնագրերում ընդգրկել տեղեկություններ՝ այնտեղ առկա ականապատ տարածքների մասին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն