Նախարարություն-հասարակական սեկտոր համագործակցությունը տեսանելի է մեր համայնքներում.Դավիթ Լոքյան


Նախարարություն-հասարակական սեկտոր համագործակցությունը տեսանելի է մեր համայնքներում.Դավիթ Լոքյան

  • 23-03-2018 17:14:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է նախարարին կից հասարակակական խորհրդի 2018թ. անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Դավիթ Լոքյանը։ 
Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ Դավիթ Լոքյանը կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստանում ընթացող բարեփոխումներին աջակցող հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը և նշել, որ ՀԿ-ների կողմից իրականացվող հսկայածավալ աշխատանքը պետք է հասանելի լինի ոչ միայն պետական կառույցներին, այլև ամբողջ հասարակությանը։ 
«Այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են համահարթեցման դոտացիաները, ծրագրային բյուջեների կազմումը, խոշորացված համայնքների բյուջեների կազմումը, տարեկան աշխատանքային պլանների (ՏԱՊ) կազմումը, համայնքային ծառայողների աշխատանքային ծավալների, ծանրաբեռնվածության հստակեցումը, համայնքներում ծախսերի օպտիմալացումը և նմանօրինակ շատ ծրագրեր մենք իրականացնում ենք մեր ՀԿ գործընկերների օգնությամբ, ինչի մասին պետք է բոլորը տեղեկացված լինեն»,-ասել է նախարարը։ 
 
«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը ներկայացրել է իրենց կառույցի կողմից իրականացվող «ՀաՄաՏեղ» հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցությունը և վերահսկողությունը տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներում։ Վ. Մովսիսյանը հասարակական խորհրդի անդամներին  ծանոթացրել է  նաև Հայաստանի տեղական ինքնակառավարման վիճակի մշտադիտարկման 2016 թվականի զեկույցին, որում արտացոլված է ՏԻ համակարգում իրականացվող բարեփոխումների և դրանց արդյունքների վերաբերյալ համեմատական և համապարփակ տեղեկատվություն։ 
Իր զեկույցում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Գ.  Մարտիրոսյանը խորհրդին ներկայացրել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» արդեն իսկ մեկնարկած ծրագրի ընթացքը, որն ընդգրկում է Հայաստանի  10 մարզերը և Երևան քաղաքը։ Ծրագրի նպատակն է ՏԻՄ համակարգում ներդնել համայնքի սոցիալական աշխատողի ինստիտուտը և զարգացնել համայնքների կարողությունը՝ իրենց սոցիալական խնդիրները հայտնաբերելու, կանխելու և հասցեագրելու գործում։ 
Հասարակական խորհրդի օրակարգային հաջորդ հարցի շրջանակներում  ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է խոցելի համայնքների զարգացման դրույթները, ըստ որի Հայաստանի խոշորացված համայնքների մի մասը հետ է մնում ընդհանուր զարգացման տեմպից։ Այս համայնքներում միջինից ցածր են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, սպասարկման և առևտրի ծավալները։ Խոցելի համայնքներում սոցիալական ծառայությունների հասանելիությունը կամ որակը նույնպես ցածր է հանրապետական միջինից,  ուստի Կառավարությունը, իրավիճակը շտկելու նպատակով, փորձում է մշակել խոցելի համայնքների զարգացման համալիր միջոցառումներ։ Դրանք են հարկային արտոնությունները, դրամաշնորհները,  համայնքների տնտեսական աճին նպաստող գործարար ծրագրերի վարկային տոկոսների շարունակական սուբսիդավորումը, սնանկ գործարարներին աջակցությունը և այլն։ 
Այս համատեքստում նախարար Դավիթ Լոքյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է սուբվենցիաներ ստանալու համար համայնքներից ստացած ծրագրային հայտերի մասին, ասել, որ  միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում նախարարություն տարբեր մարզերից ներկայացված 4 հայտ  դրական եզրակացություն է ստացել: Դ. Լոքյանը իր գոհունակությունն է հայտնել ծրագրի ընթացքից, նշել, որ իրեն շատ ոգևորել է համայնքների ակտիվությունը: Նրա փոխանցմամբ, կան խոշորացված համայնքներ, որոնք  մեկից ավելի ծրագրային հայտեր են ներկայացրել: <<Սուբվենցիայի նոր կարգի համաձայն` համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր, մեքենա-սարքավորումների գնում, ենթակառուցվածքների կառուցում և այլն,  կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասը համաֆինանսավորելու է  պետությունը։ Արդեն հստակեցված են բոլոր կարգերը, պատասխանատու գերատեսչությունների կողմից ուսումնասիրվում են ծրագրերը, գնահատվում: Պետության աջակցությունը պայմանավորված է կոնկրետ ծրագրի առանձնահատկությամբ և տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ>>,-ասել է նախարարը: Խորհրդի անդամներին ներկայացվել է նաև համայնքային ծրագրերի սուբսիդավորման գործընթացը, նշվել է, որ բոլոր ծրագրերի հիմքում դրված է համայնքների տնտեսական հզորությունները ավելացնելու գաղափարը:  
Նիստի ընթացքում զեկուցողներին ուղղվել են  ծրագրերի ընթացքի, համայնքներում դրանց ընկալման, իրավագիտակցության բարձրացման և հանրային մասնակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, որոնց տրվել են   սպառիչ պատասխաններ։ 
Ամփոփելով խորհրդի նիստը՝ նախարար Դավիթ Լոքյանը հույս է հայտնել, որ նախարարություն-հասարակական սեկտոր բարձր մակարդակի համագործակցությունը ոչ միայն կպահպանվի, այլև երկուստեք փորձն ու գիտելիքները կնպաստեն ոլորտի զարգացման նորանոր ծրագրերի իրականացմանը։ 
        
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play