Բրատիսլավայում ընթացող ինովացիոն համաժողովում կներկայացվի տեղեկատվություն Հայաստանի նորարարության զարգացման մշակվող ռազմավարության վերաբերյալ


Բրատիսլավայում ընթացող ինովացիոն համաժողովում կներկայացվի տեղեկատվություն Հայաստանի նորարարության զարգացման մշակվող ռազմավարության վերաբերյալ

  • 23-03-2018 17:27:25   | Սլովակիա  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մարտի 22-ին մեկնարկել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ինովացիոն համաժողովը։
Համաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հանրային խորհրդատվության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։ 
 
Եռօրյա համաժողովը կազմակերպվել է Համաշխարհային բանկի կողմից` Սլովակիայի և Ավստրիայի կառավարությունների հետ համատեղ: Միջոցառմանը հայկական պատվիրակության մասնակցությանն աջակցել է Հայաստանում ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը։
 
Համաժողովի նպատակն է նպաստել ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը` խթանելով տնտեսական աճն ու նոր աշխատատեղերի ստեղծումը: Համաժողովին մասնակցում են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտի պետական և մասնավոր կազմակերպությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների, դոնոր և միջազգային կառույցների ներկայացուցիչները: 
 
Համաժողովի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը տեղեկատվություն կներկայացնի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ԵՄ ծրագրի շրջանակում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ ներգրավված տեղական և միջազգային փորձագետների հետ համատեղ մշակվող նորարարության զարգացման նոր ռազմավարության և ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Մասնավորապես, կներկայացվի Հայաստանում նորարարության ոլորտի զարգացման տեսլականը, ՀՀ նորարարական էկոհամակարգի առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ առաջարկվող լուծումները, նորարարության ոլորտի զարգացման ուղիները, մոդելները, գործիքակազմն ու մեխանիզմները: 
 
Հայաստանում նորարարության զարգացման նոր ռազմավարության մշակումը կարևորվում է ՀՀ կառավարության կողմից` հաշվի առնելով նորարարության ոլորտի նշանակալի դերակատարումը տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացման, արտադրության նոր ուղղությունների զարգացման գործում: 
 
Այս առումով մեծապես կարևորվում է տարածաշրջանային և միջազգային ինովացիոն էկոհամակարգերին ինտեգրված ազգային ինովացիոն էկոհամակարգի ստեղծումը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն