Տիգրան Սարգսյանից մինչև Կարեն Կարապետյան, բոլորն էլ վարորդների դավաճաններ են (տեսանյութ)


Տիգրան Սարգսյանից մինչև Կարեն Կարապետյան, բոլորն էլ վարորդների դավաճաններ են (տեսանյութ)

  • 23-03-2018 19:26:09   | Հայաստան  |  Հասարակություն



 
Տիգրան Սարգսյանից մինչև Կարեն Կարապետյան, բոլորն էլ վարորդների դավաճաններ են: 
 
Նման հայտարարությամբ մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: 
 
Ըստ նրա՝ տրանսպորտի ոլորտում Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում սկսված բիզնես ցեղասպանության արդյունք է ներկայիս վիճակը: 
 
«Մինչև հիմա ուշքի չենք գալիս: Այն, որ հիմա նստում եք ՎԱԶ 2107 ու զզվում վարորդներից, նրանք «քցվել» են»,- նկատեց Տ. Հովհաննիսյանը: 
 
Վերջինս տեղեկացրեց, որ մարտի 29-ին պատրաստվում են հերթական բողոքի ակցիային, որը կրելու է «Բարով գնաս վարչապետ» կարգախոսը և անցկացվելու է ՀՀ կառավարության շենքի առջև: 
Անդրադառնալով տրանսպորտի ոլորտում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ներդրված պիլոտ-օպերատոր գաղափարախոսությանը՝ Տ. Հովհաննիսյանը շեշտեց, որ այդտեղ տիրում է անգրագիտությունը, խաբեությունը, շատ ցածր մակարդակի բամբասանքը, իսկ նախարարի հետ հանդիպումները վերածվել են փողոցային մակարդակի խոսակցությունների:  
 
«Տիգրան Սարգսյանի սկսած բիզնես ցեղասպանությունը շարունակեց այս վարչապետը, տաքսու ոլորտում հայտնվեցին օնլայն տաքսիներ, որոնք հայտարարում են, թե իրենք տաքսի չեն, մինչդեռ իրականում բոլորն էլ տաքսի են և հարկեր չեն վճարում: Ես այս ամբիոնից ուզում եմ դիմեմ վարչապետին՝ տեղեկացնելով, որ GG և Yandex տաքսի ծառայությունների ղեկավարները կաշառում են վերնախավին, ավելին՝ GG-ի ղեկավարությունը հայտարարեց, որ Yandex-ի հիմնադիրները Թուրքիայի հրեաներ են, ովքեր 1915 թվականին կոտորել են մեզ, ուստի դիմում եմ վարչապետին, որպեսզի մեր Ազգային անվտանգությանը հանձնարարի ստուգել, թե ովքեր են Yandex-ի տերերը»,- նշեց բանախոսը: 
 
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն նոր վարչապետից, Տ. Հովհաննիսյանն ընդգծեց, որ պահանջելու են նախ տրանսպորտի նախարարությունը տարանջատել կապից և տեղեկատվական տեխնոլոգիաներից և վերջապես զբաղվել ճանապարհներով ու տրանսպորտով: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն