ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)


ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)

  • 30-03-2018 20:32:07   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
 
 
 
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ո՞ւմ ընկերն է` մե՞ր (այս դեպքում` Հայաստանի բնակչության ու բնության, նրա շահերի, Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչը հանդիսացող բնապահպանական անվտանգության, էկոլոգիական անվտանգության), թե «արջի»…
Այս հարցն առաջացավ, երբ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հրավերով ու նախաձեռնությամբ մասնակցեցի երեկ երեկոյան հրավիրված ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էր ընդամենը մեկ հարց` «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ռուսուրսների արդյունավետ օգտագործումը և ծրագրի ՇՄԱԳ (շրջակա միջավայրի ազդեցության գնահատման) գործընթացը»: Զեկուցողը «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանն էր: Քննարկման ընթացքում բարձրացված առանձին հարցերի առաջիկայում դեռ կանդրադառնանք: Այժմ նախ ընդգծենք, որ ոչ միայն Հակոբ Սանասարյանը, այլև հասարակական խորհրդի բազմաթիվ այլ անդամներ, նրանց թվում նաև` հայտնի գիտնականներ, հասարակական գործիչներ, բնապահպաններ, ինչպես նաև քննարկմանը հրավիրված անձանցից ոմանք որոշակի փաստարկներով իրենց խորը մտահոգությունը և անհանգստությունը հայտնեցին Ամուլսարի ոսկու հանքավայրի առաջիկայում նախատեսվող շահագործման առնչությամբ:
Անձամբ իմ համոզմամբ, նշված հանքավայրի շահագործումը խիստ վտանգավոր է և, բնականաբար, անթույլատրելի: Սակայն, ՀՀ իշխանության պատկան մարմինները «Լիդիան Արմենիա» ընկերությանը տվել են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն, նրա առջև այդ նպատակին հասնելու համար կանաչ լույս վառել: Նրանք և, ընդհանրապես, ՀՀ իշխանությունները, ներառյալ ՀՀ կառավարությունն ու վարչապետը, ըստ էության, անտեսում են այն բոլոր փաստարկները, որոնք մասնագետների, գիտնականների, փորձագետների կողմից բերվելով հիշյալ հանքավայրը բաց եղանակով շահագործելու գոյություն ունեցող նախագծի և համապատասխան այլ փաստաթղթերի դեմ, հիմնավորում են շահագործման դեպքում սպասվող տարբեր ռիսկերը, վտանգներն ու վնասները:
Եթե վերոնշյալ միջոցառումը հրավիրված էր որպես քննարկում, ապա տրամաբանական է, որ քննարկման մասնակիցները պետք է իրավունք ունենային հարցեր տալու ոչ միայն մեկմեկու, ՀՀ բնապահպանության նախարարի ենթականերին, այլև նաև հենց իրեն` նախարար Արծվիկ Մինասյանին: Սակայն, որքան էլ տարօրինակ էր ինձ ու, հավանաբար, ներկաներից շատերին, նախարարը «Սա մամուլի ասուլիս չէ, քննարկում է», «Դուք լրագրողական հարց եք տալիս հիմա, հարցազրույց եք ուզում» պատճառաբանություններով նախ փորձեց սահմանափակել հարցեր տալու իմ իրավունքը, թեև նախապես ասացի, որ հարցերս ընդամենը երկուսն են, կարճ հարցեր են, քաղաքական չեն ու բացառապես կապված են Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ, ապա, ըստ էության, չպատասխանեց իմ այդ հարցերին: Իսկ ո՞վ է ասում, թե հարցեր կարելի է տալ միայն մամուլի ասուլիսի կամ հարցազրույցի ընթացքում, իսկ քննարկման ընթացքում չի կարելի տալ, այդպիսի ինչ-որ օրենք կամ ներքին կանոնակա՞րգ կա… Ճիշտ է, նախարարն ասաց, որ քննարկման ավարտից հետո պատրաստ է 10 րոպե ժամանակ տրամադրել ինձ, որպեսզի հարցերս տամ, բայց ինձ այդպես էլ անհասկանալի մնաց` եթե բաց քննարկում է ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդում, այսինքն` հասարակական քննարկում, մենք հասարակությունից, հանրությունից կամ, թեկուզ, քննարկման մասնակիցներից թաքցնելու ինչ-որ բա՞ն ունեինք… 
Քանի որ նախարարն իր խոսքում ասաց, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացություն տալուց բավական ժամանակ է անցել, և խնդիրները, որոնց մասին խոսվում է քննարկման ընթացքում, պետք է ժամանակին բարձրաձայնվեին, օգտվելով ինձ ընձեռված կարճ ելույթի հնարավորությունից, ստիպված էի ճշտել կամ հիշեցնել, որ Ամուլսարի խնդիրը ժամանակին բարձրացնողներ եղել են, բազմիցս բարձրացրել են փաստարկված հրապարակումներով, այլ հարց է, որ պետական պատկան մարմիններն անտեսել են այդ բոլոր հրապարակումները:
Նկատի ունենալով, որ հրավիրվածներին տրված է ընդամենը 3 րոպեանոց ելույթի հնարավորություն,  շատ հակիրճ նշեցի այն հիմնական վտանգները կամ նույնիսկ դրանց մի մասը, որոնք սպառնում են հանքավայրի շահագործման, այդ նպատակով ընկերության կողմից ներկայումս իրականացվող աշխատանքները չկասեցնելու պարագայում, մասնավորապես` բուն հանքավայրի տարածքում թթվային դրենաժի չկառավարվող ռիսկը, որի վերաբերյալ բազմիցս զգուշացրել են ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, քիմիական /բնապահպանական ճարտարագետ Հարութ Բրոնոզյանը և ուրիշներ: Նշված ռիսկն ամենավտանգավորն է, այն սպառնում է նաև Արփա-Սևան թունելին ու Սևանա լճի ճակատագրին, ինչը նշանակում է, որ թթվային չկառավարվող դրենաժի հետևանքով մենք տարիներ անց, Արփա-Սևան թունելի վերակառուցման ու հետագա վերականգնման, վերանորոգումների վրա միլիարդավոր դրամներ ծախսելուց հետո, կարող ենք կոտրած տաշտակի կամ ծանրագույն վիճակի առաջ կանգնել, քանի որ բետոնը, որից կառուցված է թունելը, ջրում ծծմբական թթվի հայտնվելու, թթվային միջավայրի հետևանքով շատ արագ կքայքայվի:
Մյուս մեծ վտանգը, ինչպես նշում են հանքարդյունաբերության ոլորտում տասնամյակներ աշխատած ու գիտակ մարդիկ, կապված է տվյալ տարածքում ու մերձակայքում առկա քամիների առանձնահատկությունները` ողջ տարվա ընթացքում ուղղությունները, մեծ արագությունները, պոռթկման ուժգնությունները հաշվի չառնելու հետ, ինչի հետևանքով հանքավայրի շահագործման ընթացքում վեր բարձրացող, նաև ծանր մետաղներ, թունավոր տարրեր պարունակող փոշին ջրի փոշեցրման եղանակով ամբողջությամբ չկլանվելով ու հանքավայրի տարածքում չնստեցվելուց հետո, կարող է հասնել ջրաղբյուրներին, գետերի վտակներին ու գետերին, ընդհուպ մինչև Սևանա լիճ, պատճառ հանդիսանալ դրանց թունավորման կամ աղտոտման: ՀՀ բնապահպանության նախարարությունը, պատկան մարմինները հանքավայրի շահագործման դեմ բերվող այս փաստարկն ուսումնասիրե՞լ են, թե ոչ` մեզ մնում է անհայտ:
Եվս մեկ շատ լուրջ վտանգ կապված է հանքավայրի շահագործման հետևանքով ծանր մետաղներ, թունավոր տարրեր պարունակող թթվային ջրերով Ջերմուկի հանքային ջրի ստորգետնյա աղբյուրների աղտոտման կամ թունավորման, «Ջերմուկ» հանքային և արժեքավոր ջուրը կորցնելու հետ, ինչը, ըստ ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Սեյրան Մինասյանի և այլոց, հնարավոր է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում: Ցավոք, ՀՀ բնապահպանության նախարարությունը, նրա ենթակայության ներքո գտնվող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը կամ պետական որևէ այլ մարմին, չնայած առկա մեծ վտանգին, այս ուղղությամբ համապատասխան հետազոտություններ չեն կատարել, և իր ընկերների հետ հետազոտությունների համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական միջոցներ հայթայթելուց հետո, Սեյրան Մինասյանն այժմ ինքն է նրանց հետ կատարում այն հետազոտությունները, որը ժամանակին` «Լիդիան Արմենիա» ընկերությանը էկոփորձաքննության դրական եզրակացություն և հանքավայրի շահագործման թույլտվություն տալուց առաջ, պետք է կատարած լիներ պետությունը և այսօր ունենար առկա հարցերի սպառիչ պատասխանները: Սեյրան Մինասյանի ու նրա ընկերների նախաձեռնած հետազոտությունների արդյունքները, սակայն, կստացվեն այս տարվա աշնանը, այսինքն` այն ժամանակ, երբ «Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն հավանաբար սկսած կլինի հանքի շահագործումը:
Քանի որ ՀՀ բնապահպանության նախարարն իրավացիորեն կարևորեց օրենքների շրջանակում գործելու, դրանք չխախտելու կարևորությունը, հիշեցրեցի, որ իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, Հանրային խորհրդի բնապահպանության ենթահանձնաժողովի նախագահ Նազելի Վարդանյանի փաստարկմամբ, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացվելու է Հայաստանի օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներով: Չնայած այս հանգամանքին, «Գեոթիմ» (այժմ` «Լիդիան Արմենիա») ընկերության ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությանը ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դրական փորձագիտական եզրակացություն է տրվել` այն դեպքում, երբ նույնիսկ ոչ փորձագետներին ի սկզբանե պարզ էր, որ նշված ծրագիրն իրականացվելու է Հայաստանի օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներով: ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն էլ իր ստորագրությամբ հաստատել է հիշյալ փորձագիտական եզրակացությունը:
Նախարար Արծվիկ Մինասյանը ժամանակային առումով անհամեմատ երկար ելույթներով հանդես գալու հնարավորություն ընձեռեց հիշյալ ՊՈԱԿ-ի փորձագետ Արթուր Մինասյանին և «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին, սակայն քննարկմանը հրավիրված տողերիս հեղինակին թույլ չտվեց նրանց որևէ հարց տալ կամ գոնե ռեպլիկի կամ պարզաբանման կարգով պատասխանել իմ խոսքի առնչությամբ ընկերության ներկայացուցչի այն «շտկմանը», որ Արփա-Սևան թունելն այնտեղ չի գտնվում: «Այնտեղ» ասելով, նկատի ունեի ոչ թե բուն հանքավայրի տարածքը, այլ դրանից ոչ հեռու լինելը (Կեչուտի ջրամբարից սկիզբ առնող թունելը Ամուլսարի հանքավայրից հեռու չէ, տես` այս հոդվածին կից քարտեզը), ինչը, կարծում ենք, ընկերության ներկայացուցիչը պետք է որ հասկանար: Ամուլսարի հանքավայրին շատ մոտ, նրա երկու կողմերում են գտնվում նաև Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները, Սպանդարյան -Կեչուտ թունելը, որի առնչությամբ Արմեն Սաղաթելյանն անցած տարի մեզ տված հարցազրույցում (http://nt.am/am/news/242056 ) ասել է հետևյալը. «Թունելը կքայքայվի: Աղտոտված ստորգետնյա ջրերի մի մասն անմիջական շփում կունենա Սպանդարյան-Կեչուտ ստորգետնյա թունելի հետ, որը նախատեսված է Սպանդարյանի ջուրը դեպի Կեչուտի ջրամբար, ապա Սևանա լիճ տեղափոխելու համար: Այդ թունելը երկաթբետոնյա կոնստրուկցիա է, որն, իհարկե, ժամանակի ընթացքում չի դիմանա այդ թթու ջրերի քայքայիչ ազդեցությանը, և մենք այնտեղ վթարային վիճակներ կունենանք»:
Անդրադառնալով թթվային դրենաժի խնդրին, ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը ներկայացրեց կիսաճշմարտությունը` թթվային դրենաժի սոսկ կառավարվող ռիսկը, չխոսելով չկառավարվող ռիսկի ու դրա հետևանքների մասին, ինչը նախարարի և քննարկման մյուս մասնակիցներից ոմանց մոտ հավանաբար առաջացրեց այն սխալ տպավորությունը, թե ընկերությունը տիրապետում է հանքի շահագործման դեպքում սպասվող թթվային դրենաժի ռիսկի կառավարմանը և այս առումով խնդիր չկա: Ցավոք, այս առումով ևս տողերիս հեղինակին հնարավորություն չտրվեց թեկուզ շատ հակիրճ բացահայտել ճշմարտությունը: 
Նիստը նախագահելու նախարարի վերոնշյալ քաղաքականությունը` քննարկման մասնակիցներին որևէ հարց տալու իրավունքից զրկելը, քննարկման մասնակիցների միջև հավասարության սկզբունքը չպահպանելը, բնականաբար, հարց է առաջացնում` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի»…
Իր խոսքում նախարարը նշեց, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, լիազոր մարմինը (ՀՀ բնապահպանության նախարարությունը) ընկերությանը տրված փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչում նաև այն դեպքում, երբ փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ:
Շատ լավ, թթվային դրենաժի կառավարվող ռիսկը և չկառավարվող ռիսկը էկոլոգիական տարբեր գործոններ են, և քանի որ «Գեոթիմ» (այժմ` «Լիդիան Արմենիա») ընկերության ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությանը ՀՀ բնապահպանության նախարարության հիշյալ ՊՈԱԿ-ի կողմից դրական փորձագիտական եզրակացություն տալուց հետո գիտնականների, փորձագետների կողմից բացահայտվել, ի հայտ է եկել նաև թթվային դրենաժի չկառավարվող ռիսկը որպես էկոլոգիական նոր գործոն, ապա ՀՀ բնապահպանության նախարարությունն ինչո՞ւ հիշյալ օրենքի իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջով ուժը կորցրած չի ճանաչում վերոնշյալ դրական եզրակացությունը: Ինչո՞վ բացատրել օրենքի պարտադիր կատարման ենթակա պահանջը չկատարելը և առաջիկայում հանցավոր հետևանքներով սպառնացող նշված անգործությունը, որը մոտ ապագայում կբնութագրվի արդեն որպես հանցավոր անգործություն: Կոռուպցիայով կամ քաղաքական կոռուպցիայո՞վ, նախարարին վերևից թույլ չե՞ն տալիս օրենքի պահանջը կատարել, ՀՀ վարչապետը կամ նախագա՞հն են դրան ընդդիմանում… Եթե կա այլ պատճառ, ուշադրությամբ կծանոթանանք ու կհրապարակենք:
Ի վերջո, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը գիտակցո՞ւմ է, որ էկոլոգիական աղետի դեպքում առաջինն անձամբ ինքը և այն կուսակցությունը` ՀՅԴ-ն, որը ներկայացնում է, պատասխան են տալու, քանի որ ՀՀ բնապահպանության նախարարությունն է այն լիազոր մարմինը, որը պարտավոր էր ու պարտավոր է էկոլոգիական նոր գործոնի ի հայտ գալու դեպքում կատարել օրենքի պահանջը և փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն