«Հանկարծակի Գաբրիել հրեշտակապետի նկարված պատկերը, որ գտնվում է Ամենասրբուհի Աստվածածնի պատկերի հանդեպ, խոսեց ու ասաց…»


«Հանկարծակի Գաբրիել հրեշտակապետի նկարված պատկերը, որ գտնվում է Ամենասրբուհի Աստվածածնի պատկերի հանդեպ, խոսեց ու ասաց…»

  • 07-04-2018 10:37:47   | Հայաստան  |  Նշանավոր հայեր

 
 
 
 
Այսօր, ինչպես գիտենք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հայ հավատացյալները տոնում են Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի, հենց ապրիլի յոթին է, որ կույս Մարիամը Գաբրիել հրեշտակից ընդունել է հղության ավետիսը, և ինն ամիս հետո ծնել Քրիստոսին: Սուրբ Աստվածածնի Ավետման օրը նկատի ունենալով է, որ 1995 թվականից ապրիլի 7-ը ներառվել է ՀՀ ազգային տոնացույցում որպես մայրության ու գեղեցկության տոն:
Ահա թե այդ օրվա մասին պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ Վարդան վարդապետին (Վարդան Արևելցուն, Վարդան Մեծին) ինչ է պատմել միջնադարի հայ համբավաշատ վանականներից ճգնակեցիկ ու հրաշագործ Հովհաննես Գառնեցին: Այս մասին տեղեկանում ենք հայ միջնադարյան պատմիչ և եկեղեցական գործիչ Կիրակոս Գանձակեցու «Հայոց պատմություն» աշխատությունից (Երևան 1982թ.): 
Նկատի ունենալով Հովհաննես Գառնեցուն, Կիրակոս Գանձակեցին գրել է. «Սրա մասին շատերը շատ բաներ էին պատմում, բայց շատ ավելի պատմում էր մեր հարազատ ու սքանչելի Վարդան վարդապետը, որի խոսքերը արժանի են վստահության, արժանահավատ են, որովհետեւ նրանք սիրով կապված էին միմյանց հետ: Որովհետեւ մենք հեռավորության պատճառով նրան չտեսանք, նա իբրեւ մխիթարություն` մեզ նրա կյանքից որոշ բաներ պատմեց մասնավոր կերպով. ասաց, թե` «Ինքը Հովհաննեսն հենց մեզ պատմեց, թե ես գնացի սուրբ քաղաք Երուսաղեմ` երկրպագելու փրկչական վայրերին, այնտեղ որոշ օրեր մնացի` իջեւանելով սուրբ Հակոբում: Մի գիշեր կանխեցի ազդարարության ժամը հնչելը, որ բոլորին զարթեցնում էր աղոթքի, եւ մինչդեռ ես աղոթում էի սուրբ եկեղեցում, սուրբ Հակոբի առաջնորդ վարդապետը կանչեց ինձ եւ ասաց. «Եկ մի, զարմանալի բաներ լսիր, որ պատմում է իմ ամենակրտսեր քահանան»: Երբ գնացի նրա մոտ, կանչեց քահանային, որ զարմանալի երազ էր տեսել, եւ ասաց. «Այժմ ասա, ինչ որ ինձ նախօրոք պատմեցիր, որ սա եւս լսի»: Քահանան սկսեց պատմել, թե` «Նախքան ձեր մեր եկեղեցին գալը, ես սուրբ եկեղեցու վերնատանը աղոթում էի, հանկարծակի Գաբրիել հրեշտակապետի նկարված պատկերը, որ գտնվում է Ամենասրբուհի Աստվածածնի պատկերի հանդեպ, խոսեց ու ասաց. «Ուրախ եղիր, ով դու բերկրյալդ, Տէրը քեզ հետ է»: «Օրհնված ես դու կանանց մեջ, եւ օրհնված է քո արգանդի պտուղը»: Բոլոր սրբերի նկարված պատկերները սկսեցին նույնը խոսել մինչեւ մեծ ժամը` «Ուրախ եղիր, ով դու բերկրյալդ, Տէրը քեզ հետ է»:
Ես զարմացած փառք տվի Աստծուն եւ քննելով տոմարական հաշիվներով գտա, որ այդ օրը արեգ ամսի երեսունն էր եւ ապրիլ ամսի յոթը, Նիսանի տասնհինգը: Այս տեսիլքը եւ հրաշքի երեւալը հաստատում են հայոց տոնի ճշմարտացիությունը, որ ասում ենք Սուրբ Կույսի ավետյաց օրը արեգի երեսունին, ապրիլի յոթին, Նիսանի տասնհինգին է եւ ոչ թե, ինչպես հակառակվում են մյուս ազգերը, մանավանդ հույները` ասելով անխոհեմաբար, թե մարտի քսանհինգին է: 
Այս պատմեց ճշմարտախոհ այն մարդը ի հաստատումն մեր ուղղափառ հավատի»:
 
Նոյյան տապան  -   Նշանավոր հայեր