Պահանջում եմ չխոչընդոտել և չսպառնալ գործադուլ անող աշխատողներին.Զարուհի Փոստանջյանը՝ Արտեմ Ասատրյանին


Պահանջում եմ չխոչընդոտել և չսպառնալ գործադուլ անող աշխատողներին.Զարուհի Փոստանջյանը՝ Արտեմ Ասատրյանին

  • 20-04-2018 17:13:41   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար 
Արտեմ Ասատրյանին
 
Ելից 69/04
20.04.2018թ.
 
Հարգելի պարոն Ասատրյան,
 
 
Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում ընթացող խաղաղ անհնազանդությամբ իրենց բողոքն ու ընդվզումն արտահայտող գործադուլների մասնակիցներին իրենց աշխատավայրերում սպառնում են աշխատանքից ազատել:
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին կետի՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 58-րդ հոդվածի.
 
«1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:
 
2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
 
 
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն.
 
«1. Գործադուլին մասնակցությունը կամավոր է: Որևէ մեկին չի կարող պարտադրվել մասնակցելու գործադուլի կամ հրաժարվելու դրանից: Աշխատողին գործադուլի մասնակցելու կամ դրանից հրաժարվելու պարտադրող անձինք ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
2. Գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից: Գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը (պաշտոնը): Գործադուլին մասնակցող աշխատողներին գործատուն կարող է աշխատավարձ չվճարել:
 
Գործադուլը դադարեցնելու վերաբերյալ կողմերի բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնություն ձեռք բերել գործադուլավորներին լրիվ չափով կամ մասնակիորեն աշխատավարձ վճարելու վերաբերյալ»:
 
 
Դիմում եմ Ձեզ, քանի որ արդեն իսկ առկա են գործատուների կողմից՝ գործադուլ անող մեր քաղաքացիներին իրենց աշխատանքից զանգվածային ազատման բազմաթիվ սպառնալիքներ:
 
 
Ուստի ելնելով վերոգրյալից՝ պահանջում եմ չխոչընդոտել և չսպառնալ գործադուլ անող աշխատողներին, ովքեր իրականացնում են Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրենց իրավունքները:
 
 
Զարուհի Փոստանջյան
 
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play