Հայտարարություն Դավիթ Պետրոսյանի և Տիգրան Մազմանյանի նկատմամբ հետապնդման մասին


Հայտարարություն Դավիթ Պետրոսյանի և Տիգրան Մազմանյանի նկատմամբ հետապնդման մասին

  • 20-04-2018 19:04:36   | Հայաստան  |  Իրավունք

2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15-20 անձանց կողմից հարձակման է ենթարկվել փաստաբան Արաքս Մելքոնյանը և շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը:
 
Դավիթ Պետրոսյանը ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, որի հետևանքով բժիշկները նրան չեն թույլատրել հեռանալ հիվանդանոցից և պարտավորացրել են ստանալ անհհրաժեշտ բժշկական օգնություն:
 
Փաստաբան Արաքս  Մելքոնյանը ոտքի շրջանում ստացել է սալջարդ վնասվածք:
 
Ահազանգի հիման վրա 2018թ. ապրիլի 19-ին ժամը 19:00-ի սահմաններում հիվանդանոց են ներկայացել  Նոր-Նորքի բաժանմունքի ոստիկանները:
 
Ոստիկանները սկզբում հրաժարվել են արձանագրել դեպքի մանրամասները, այնպես ինչպես ներկայացրել են տուժածները:
 
Այնուհետև, տուժողները ինքնուրույն կազմել են գրավոր հաղորդում և ներկայացրել են ոստիկանության աշխատակիցներին:
 
Ոստիկանության աշխատակիցներ՝ հետաքննիչ Եղոյանը և Նարեկ Բարսեղյանը տուժողների և նրանց փաստաբանի հետ դիմել են  Սրբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական հաստատության տեսանկարահանում իրականացնող ծառայության աշխատակիցներին, սակայն ծառայության աշխատակիցները հրաժարվել են տրամադրել որևէ տեսանյութ:
Ոստիկանության աշխատակիցները առանց որևէ բացատրության լքել են հիվանդանոցը, իսկ փաստաբանի և տուժողների պահանջին անվտանգության աշխատակիցները պատասխանել են, որ պետք է դիմել անվտանգության պետին, ում անունը և որևէ այլ տվյալ չեն հայտնել:
 
2018թ. ապրիլի 19-ին փաստաբանը  դիմել է ոստիկանությանը Դավիթ Պետրոսյանի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և անհրաժեշտ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, որը չի ապահովվել:
 
Ակնհայտ է, որ Դավիթ  Պետրոսյանը ենթարկվում է հետապնդումների իր հայացքների և հասարակական ակտիվ գործունեության համար:
 
2018թ. ապրիլի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում Դավիթ Պետրոսյանը երկու անգամ ենթարկվել է բերման, որտեղ պահվել է մինչև 9-ը ժամ, բերման ենթարկվելու ընթացքում նրա նկատմամբ կիրառվել են բռնություններ:
 
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 17-ին, ժամը 8:15-ի սահմաններում առանց որևէ օրինական հիմք ներկայացնելու նրան բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Անհրաժեշտ գործողություններն ավարտելուց և փաստաթղթերը ստորագրելուց հետո, մինչև ժամը 17:25 Դավիթ Պետրոսյանը շարունակել են անօրինական կերպով, հարկադրաբար պահվել է ոստիկանության բաժանմունքում, իսկ նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը ստիպված է եղել մնալ նրա հետ:
 
Ելնելով վերը շարադրվածից՝
 
Դիմում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունները գործադրելու՝ ապահովելու Դավիթ  Պետրոսյանի և նրա փաստաբան Արաքս Մլեքոնյանի իրավունքները պաշտպանելուն և կանխելու նրանց նկատմամբ դրսևորվող անօրինական գործողությունները
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից դադարեցնել և զերծ մնալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորվող անօրինական գործողություններից և անմիջապես քննություն սկսել նրանց իրավունքների խախտումների փաստերով
Մասնավորապես՝
ՀՀ դատախազությանը՝
Անհապաղ քրեական գործ հարուցել Դավիթ Պետրոսյանի և նրա փաստաբանի նկատմամբ հարձակման փաստով, հանձնարարել համապատասխան քննչական մարմնին իրականացնել անհապաղ քննություն
ՀՀ ոստիկանությանը
Օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկել Դավիթ Պետրոսյանի  և նրա փաստաբան Արաքս Մելքոնյանի անձնական անվտնագության ապահովման համար: Նշված գործողությունները չկատարելու դեպքում Դավիթ Պետրոսյանի և նրա փաստաբան Արաքս Մելքոնյանի հետագա բոլոր հնարավոր ոտնձգությունների համար անմիջական պատասխանատվություն են կրելու ՀՀ իրավական մարմինները
 
 
 
 
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
 
Տիգրան Մազմանյանը 2018թ. ապրիլի 17-ին բերման է ենթարկվել ոստիկանություն զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար: Հետագայում նրան կասկածանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար: Նրան վերագրվել է արարք, որ նա օժանդակել է հանրային ռադիոյի դուռը ջարդող անձանց: Այնուհետև հանրային ռադիոյում հսկողություն իրականացնող ոստիկանը լրացուցիչ ցուցմունք է տվել, որ Տիգրան Մազմանյանը, անցնելով իր կողքով, բռնություն է գործադրել իր նկատմամբ՝ բռնելով իր ձեռքից և պոկելով ձեռքի ժամացույցը: 2018թ. ապրիլի 19-ին, քննիչի միջնորդության հիման վրա, Տիգրան Մազմանյանը կալանավորվել է:
 
Համացանցում առկա է տեսագրություն, որտեղ հստակ երևում է, որ նշված ոստիկանի կողքով անցնելիս, Տիգրան Մազմանյանի ձեռքերը բարձրացված են վերև, իսկ ոստիկանը հանգիստ կանգնած է, որից ակնհայտ է, որ Տիգրան Մազմանյանին վերագրված արարքը իրականությանը չի համապատասխանում: Նշված տեսանյութը ներկայացվել է նաև դատարանին, սակայն դատարանը միևնույնն է, որոշում է կայացրել Տիգրան Մազմանյանին կալանավորելու մասին:
 
Հաշվի առնելով այն հանգամանքները, որ Տիգրան Մազմանյանին վերագրվող արարքները շարունակաբար փոխվել են, որ իբր բռնության ենթարկված ոստիկանը դրա մասին հայտնել է միայն լրացուցիչ ցուցմունքում, ինչպես նաև այն, որ համացանցում առկա տեսանյութում հստակ արձանագրված է, որ Տիգրան Մազմանյանը ոստիկանի նկատմամաբ որևէ բռնություն չի գործադրել, հայտարարում ենք, որ Տիգրան Մազմանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, այն նպատակ ունի վերջինիս պատժել իր քաղաքական ակտիվության համար, ինչպես նաև կանխել այլ անձանց քաղաքացիական ակտիվությունը:
 
Պահանջում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները անհապաղ ազատ արձակեն Տիգրան Մազմանյանին։
 
Պահանջում ենք դադարեցնել անօրինական հետապնդումները խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ։
 
«Իրավապաշտպանների միասնական թեժ գիծ»
20.04.2018թ.
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play