Զբոսաշրջության ոլորտի բազմաթիվ աշխատակիցներ գործադուլ կսկսեն, եթե ցուցարարների նկատմամբ ուժ կիրառվի. հայտարարություն.vesti.am
20-04-2018 22:44:49 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
vesti.am ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ՝ ընկերներ և գործընկերներ:
Վերջին օրերին մեր հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն ու դրանց հետևող դժգոհության հասարակական ալիքն անտարբեր չի թողել ՀՀ զբոսաշրջության ոլորտի մի շարք աշխատակիցների:
Չնայած հանրապետությունում տիրող լարված իրավիճակին՝ մենք անում ենք ամեն հնարավորը՝ երկիր այցելած զբոսաշրջիկին մատուցվող ծառայությունները հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Անկախ քաղաքական հայացքներից ու տիրող իրավիճակի հանդեպ ունեցած դիրքորոշումից՝ մենք՝ արհեստավարժ մասնագետներս, կարողանում ենք պահպանել ոլորտի աշխատակցի էթիկային հարիր չեզոքություն՝ շատ հաճախ երկիր այցելած հյուրերին ներկայացնելով ցանկալին՝ իրականության փոխարեն, այսպիսով փորձելով հնարավորինս դրականորեն պահպանել հայրենիքի և պետության իմիջը աշխարհի քաղաքական և զբոսաշրջային քարտեզի վրա:
Հատկանշական է, որ չնայած ՀՀ տարածքում գնալով ակտիվանում է դասադուլների և գործադուլների ալիքը, սակայն մեր ոլորտը սպասարկող մասնագետներս ձեռնպահ ենք մնում՝ օգտագործել մեր սահմանադրական իրավունքն ու բացեիբաց հայտնել մեր քաղաքացիական դիրքորոշումը՝ միանալով բողոքի ակցիաներին: Պատճառը քաղաքացիական բարձր գիտակցությունն է: Քանի որ մենք շատ լավ հասկանում ենք մեր կատարած աշխատանքի տնտեսական, քաղաքական և միջազգային նշանակությունը:
Սակայն ցանկանում ենք նշել, որ մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում ՀՀ ողջ տարածքում բողոքի ալիք բարձրացրած մեր համաքաղաքացիներին:
Միաժամանակ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և ուժային կառույցներին ձեռնպահ մնալ ՀՀ ողջ տարածքում խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից:
Այլապես մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, խոստանում ենք օգտագործել ՀՀ սահմանադրությամբ մեզ տրված իրավունքն ու գործադուլ հայտարարել՝ կաթվածահար անելով ՀՀ զբոսաշրջության ոլորտը:
Մենք լիահույս ենք, որ բանը դրան չի հասնի, և բարձրացված արդար ու իրավական հարցերը կստանան խաղաղ և մեր պետության համար օգտակար լուծում:
Հարգանոք՝
1. Դավիթ Խաչիյան-«ԼԵՎՈՆ ԹՐԱՎԸԼ» ընկերություն, տուրօպերտոր
2. Վահագն Հովհաննեսյան-«Արմենիա Գայդ» տուրիստական կազմակերպության տնօրեն, զբոսավար
3. Յաշա Սոլոմոնյան-ՊԶՀԱ վարչության նախագահ, զբոսավար (Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիա)