Սասուն Միքայելյանը հորդորեց Սերժ Սարգսյանին հարցնել, թե ինչ նկատի ունի նա՝ ասելով՝ անդառնալի կորուստներ.168.am


Սասուն Միքայելյանը հորդորեց Սերժ Սարգսյանին հարցնել, թե ինչ նկատի ունի նա՝ ասելով՝ անդառնալի կորուստներ.168.am

  • 21-04-2018 14:58:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am  «Մենք սա անում ենք՝ անդառնալի կորուստներից խուսափելու համար, որ այս տարիների ընթացքում եղել են»,- անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
 
Հիշեցնենք՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ խորապես մտահոգված է զարգացումներով.
 
«Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ»:
 
Նա նշեց, որ երեկ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ երկխոսության ինչպիսի տարբերակ կա: Հստակեցնող հարցին՝ այսինքն՝ երկխոսության թեման պետք է լինի միայն Սերժ Սարգսյանի հրաժարակա՞նը, Սասուն Միքայելյանը պատասխանեց՝ այո՛. «Ուրիշ ի՞նչ թեմա կարող է լինել»:
 
Հարցին՝ արդյոք իշխանությունն անցնցում կհանձնի՞ ղեկը, Սասուն Միքայելյանը պատասխանեց.
 
«Ես միշտ ասում եմ, նորից ասեմ. սա լինելու է, ավելի լավ է՝ շուտ, առանց արյուն՝ հեռանան սրանք: Ի՞նչ են ուզում: Հո պատանդ չէ՞ այս ժողովուրդն իրենց ձեռքին այս տարիների ընթացքում: Իրենց հնարավորություն է տրվել: Երկար տարիներ անլեգիտիմ կարգով, ձևով, բռնի ուժով, կաշառակերությամբ, ընտրակաշառք բաժանելով՝ իշխանություն են պահել: Թող այս տարիների ընթացքում կարգավորեին: Ոչ մի բան չի փոխվելու, եթե ինքը մնա»: Հարցին՝ արդյոք ռեսուրս կա՞ նոր իշխանություն ձևավորելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարո՞ղ է միայնակ իրացնել դա, Սասուն Միքայելյանը պատասխանեց.
 
«Դուք մի բերեք միայն «Քաղաքացիական պայմանագրի» վրա: Սա համաժողովրդական շարժում է: Այսինքն՝ հայոց արգանդը չորացե՞լ է, եթե էդ մարդու հետ մի բան պատահի, ուրեմն վերջ, էս ազգը կործանվավ»:
 
Սասուն Միքայելյանը հորդորեց Սերժ Սարգսյանին հարցնել, թե ինչ նկատի ունի նա՝ ասելով՝ անդառնալի կորուստներ: Հարցին՝ արդյոք իշխանության ներկայացուցիչները փորձե՞լ են առանձին կապ հաստատել, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Իրենք բաց տեքստով, հրապարակային են հանդես գալիս»:
 
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ակցիայի մասնակիցներն այժմ Ավան վարչական շրջանում են:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը