Այսօրվա առաջադրանքի սահմանադրական հիմքը․ ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ


Այսօրվա առաջադրանքի սահմանադրական հիմքը․ ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

  • 21-04-2018 16:07:03   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Արտախորհրդարանական ընդդիմադիր զանգվածին հայտնաբար հաջողվել է իրավիճակ ստեղծել: Նոր Սահմանադրությունն ու նոր ընտրակարգը նոր գործառույթներ եւ նոր հավելյալ իրավական ազդեցիկություն ապահովելու նախադրյալներ էին հուշում խորհրդարանական ընդդիմությանը, որը զուտ թվաբանական առումով այս փուլում չկայացավ։
 
Այսօրվա պատահարները եթե մի կողմից խորհրդարանական ընդդիմության անազդեցիկ վիճակի հակազդեցության հետ որոշ աղերսներ են փոխանցում, այնուամենայնիվ հիմնականում համակարգային գործնական փոփոխության ուշացման պատճառով կուտակված դժգոհությունների ենթահողի կտրուկ դրսեւորումներն են:
 
Դրականը այս բոլորի մեջ կարող է լինել այն, որ հանրապետության տարբեր շրջաններում դրսեւորված բողոքի գործողությունները կարող են խթան հանդիսանալ համակարգային գործնական փոփոխությունների առարկայացման:
 
Իհարկե, ամեն ինչ ունի հետեւողական եւ հանգրվանային կշռույթ: Համակարգային իրավական փոփոխությունն անհրաժեշտ էր իրականացնելու համար դրանց գործնականացումը: Բարեկարգումները, սոցիալ-տնտեսական բարելավման համար ծրագրերի արդյունավետությունը, աղքատության հաղթահարման դեմ պայքարի իրողական արդյունքներ ձեռք բերելը, հակամենաշնորհային դրության բանեցումը. դեռեվս. կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային վստահելի դաշտի կայացմանը, սոցիալական արդարության հաստատման ճիգերը կարող էին թափ հավաքել նաեւ նախորդ Սահմանադրության օրոք, այնուամենայնիվ հավելյալ ժողովրդավարացման, լիազորությունների բաշխման, միանձնյա իրավասությունների վերացման եւ հակակշիռ հիմնարկների ստեղծման համար անհրաժեշտ էր նորացնել Սահմանադրությունը, փոխել կառավարման համակարգը:
 
Իրավական փոփոխությունից հետո եւ գուցե դրանց առընթեր ակնկալվում են (ակնկալվում էին) այդ բոլոր ոլորտների վերաբերյալ բարեփոխումների իրականացումները փուլ առ փուլ: Իհարկե, կային որոշ առաջընթացներ: Հիմա համակողմանիորեն շեշտվում է թե՛ պետական եւ թե՛ հասարակական մակարդակներով այդ խնդիրները հաղթահարելու արագ, արդյունավետ քաղաքականության կիրառումը:
 
Ձեւակերպված առաջադրանքը` նախագահի հովանավորությամբ քաղաքական հիմնական ուժերի մասնակցությամբ երկխոսության սեղանի շուրջ համախմբվելու առումով, լավագույն կառուցողական ճանապարհն է հանգուցալուծման գործընթացի մեկնարկի:
 
Ճիշդ այդ պատճառով էլ արտախորհրդարանական ընդդիմադիր շարժումը, որը համենայն դեպս ներկայացված է նաեւ խորհրդարանում, իր հավաքած բողոքարկու զանգվածի հենարանով, բարեփոխոխումների թղթածրար պատրաստ ունենալու անհրաժեշտության առաջ է կանգնել, եթե իհարկե միայն դեմքի փոփոխության պահանջով եւ դրանով իսկ ստեղծվելիք անորոշությամբ չի պայմանավորում այս ամբողջ գործընթացին իր մոտեցումները:
 
Մեկ նրբություն եւս, այս առաջադրանքի ձեւակերպման մեջ ինքն իրեն զգալի  է դարձնում. այն, որ ընդդիմություն-իշխանություն լարված իրավիճակների դեպքերում նոր Սահմանադրությամբ իսկ ճշտված իրավադրույթով հանրապետության նախագահը ընկալվում է իբրեւ պետության գլուխը, իբրեւ անաչառ, անկուսակցական եւ բացառապես ազգային ու պետական շահերով առաջնորդվող պետության բարձրագույն պաշտոնյա:
Նախագահի շուրջ համախմբվելու եւ հակաճգնաժամային բանակցությունների սկսելու ու հարցերին բացառապես երկխոսությամբ լուծում բերելու առաջադրանքի ձեւակերպումը այս իմաստով իսկ ընդգծում է նոր Սահմանադրության իրավական եւ բարոյական նշանակությունները: 
 
Սահմանադրությունը մեր բոլոր գործընթացների հունավորման համար գերակա փաստաթուղթն է: Դրա հիման վրա պիտի շարունակվեն ընթանալ բողոքի գործողությունները, պետական բարձրագույն պաշտոնների ստանձնման ընթացակարգերը եւ ճգնաժամի պահին Սահմանադրությամբ ճշտված նախագահի լիազորությունների բերումով նրա շուրջ համախմբվելը եւ հանգուցալուծման առաջնորդվելը:
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն