Արսինե Խանջյանը ելույթ ունեցավ Բեռլինում տեղի ունեցող բողոքի եւ համերաշխության ցույցին (տեսանյութ). Hetq.am
21-04-2018 16:53:48 | Գերմանիա | Ի՞նչ է գրում մամուլը
Hetq.am Այսօր՝ ժամը 12։30-ին, Գերմանիայում ՀՀ դեսպանության շենքի դիմաց տեղի ունեցավ «Բողոքի եւ համերաշխության» համայնքային ցույց, որին միացել էին Գերմանիայի տարբեր քաղաքներում բնակվող մեր հայրենակիցները։
Դեսպանության շենքի մոտ տեղի ունեցող ակցիային ներկա էր նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով այս օրերին գտնվում է Բեռլինում, որտեղ Գորկու անվան փորձարարական թատրոնում այսօր եւ ապրիլիի 24-ին ծագումով հայ, գերմանաբնակ դերասանուհի Սեսեդե Թերզիյանի հետ միասին ներկայացնելու է Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող «Ravished Armenia» ֆիլմի մոտիվներով պատրաստված «Auction of Souls» ներկայացումը՝ նվիրված Հայող ցեղասպանությանը։
Բեռլինում ՀՀ դեսպանության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի եւ համերաշխության ցույցից մեզ հետ կապ հաստատեց մասնակից Արամ Գալստյանը, ում փոխանցմամբ ակցիային մասնակցում է 300-350 հոգի Գերմանիայի տարբեր հայ համայնքներից (լուսանկարները՝ Արամ Գալստյանի)։
«Հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի հեռացումն է, նոր ընտրությունների հնարավորությունը, ինչպես նաեւ արժանավայել պայմանների ստեղծումը տեղի հայերի հնարավոր վերադարձի համար։ Ցույցը դեռ շարունակվում է․ պաշտոնապես նշված ժամը մինչ 2։30-ն է»։
Այն հարցին, թե դեսպանատնից որեւէ մեկը մոտեցել է ցուցարարներին, Արամը պատասխանեց․ «Դեսպանատան դռները փակ են, բաց են վերեւի հարկի պատուհանները, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, դա հենց այն սենյակն է, որտեղ նստում է հյուպատոսը։ Իրենք հետեւում են ընթացքին, բայց ոչ մի արձագանք չի եղել ներսից։ Որքան հասկացա, գերմանական ոստիկանության մի քանի աշխատակիցներ հենց դեսպանատան աշխատակիցների զգուշացումների հիման վրա են այստեղ»։
Արամը նշեց նաեւ, ոստիկանները զգուշացրել են՝ անկարգությունների դեպքը ցույցը կցրվի, սակայն հավաքվածները հանդուրժողական կերպով իրենց պահանջն են ներկայացնում՝ առանց օրենքի խախտումների։
Բողոքի եւ հանդուրժողականության ցույցից զատ մենք երեկ բաց նամակ ենք ստացել նաեւ գերմանաբնակ մի խումբ հայրենակիցներից, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Մենք՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներս, հայտնում ենք մեր աջակցությունը՝ Հայաստանում մշտապես կեղծվող ընտրությունների և կեղծված սահմանադրական հանրաքվեի միջոցով ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին: Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք իշխանությունների կողմից բռնության դրսևորման ցանկացած փորձ և պրովոկացիոն գործողություն: Կոչ ենք անում իշխանություններին, հավատարիմ մնալ ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից ընդունված մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների մասին հռչակագրերում արձանագրված սկզբունքներին և դադարեցնել խաղաղ ցուցարարներին ուղղված ցանկացած սպառնալիք»: