ՀԲԸՄ-ն արդյունավետ երկխոսության կոչ է անում


ՀԲԸՄ-ն արդյունավետ երկխոսության կոչ է անում

  • 22-04-2018 13:24:22   | Հայաստան  |  
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուշադրությամբ հետևում է Հայաստանի տարածքում ընթացող իրադարձություններին ու ցույցերին: Սփյուռքը խորը մտահոգությամբ ականատես է դառնում կատարվող դեպքերին:
 
Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով Հայաստանում ստեղծված լարված վիճակի կողմերին արդյունավետ երկխոսություն անցկացնել։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․
 
«Մենք կողմնակից ենք քաղաքացիների ազատ խոսքի ու խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունքին: Այդ արժեքները հիմքն են կազմում ժողովրդավարության ու ժողովրդավար ազգերի կառուցման գործընթացին: Չնայած, որ խորապես մտահոգիչ է այդ դժգոհության ուժգնությունը, այդուհանդերձ մենք քաջալերված ենք ցուցաբերված քաղաքացիական հանձնառության բարձր ոգով, հատկապես ազգի երիտասարդության կողմից:
        
Հայաստանն իրականացնում է նախագահականից խորհրդարանական հանրապետության համակարգի անցման գործընթացը, որի նպատակն է Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն ընձեռել առավելագույն չափով իրենց մասնակցությունը բերելու երկրին առնչվող որոշումների կայացմանը:
 
Հաշվի առնելով Հայաստանի ներքին թե արտաքին լուրջ մարտահրավերները՝ ՀԲԸՄ-ն կոչ է անում մասնակից կողմերին ձեռնարկել արդյունավետ երկխոսություն` բաց քննարկումներով սերտելու ամբողջ հայությունը հուզող հարցերն ու կառուցողական ոգով հասնելու լուծումների:
 
Միասնական ջանքերով միայն մեզ կհաջողվի հաղթահարել մեր ժողովրդի դեմ ծառացած մարտահրավերները»:
 
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին:  ՀԲԸՄ ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.agbu.org 
 
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play