23000-ՐԴ «ԱԼԻՔ»-Ը...


23000-ՐԴ «ԱԼԻՔ»-Ը...

  • 23-04-2018 11:51:48   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թանկագին ընթերցող-բարեկամ. այսօրւայ թւագրւած համարով «Ալիք»-ը 23000-րդ անգամը լինելով այցելում է Ձեզ…
 
Այլ խօսքով՝ իրանահայ հինաւուրց գաղթօջախի ամենաերկարակեաց ու անընդմէջ  հրատարակւող թերթն, ահա, թեւակոխել է իր կենսագրութեան 88-րդ հանգրւան:
 
Կենսագրութիւն, որի ակունքներում իրենց ամենանւիրական գաղափարների դրոշմն են դրել նոյնինքն առաջնեկ խմբագրապետ, նոյն գաղափարների ռահվիրայ Քրիստափոր Միքայէլեանի դստերորդի՝ Յովսէփ Թադէոսեանները, որոնց անվարան հետնորդներն են եղել Եփրեմեան ոդիսականով կոփւած Էլմարները (Յովսէփ Յովհաննիսեան), Սովետի Սիբիրեան աքսորավայրեր ճաշակած Բաղդիկ Մինասեանները, ու դեռ սրանց արժանի յաջորդներ՝ խոնարհ, բայցեւ խիզախ մտքի ու գրչի առկայծող անհատականութիւնների մի հուժկու փաղանգ, յանձինս՝ Անդրէ Ամուրեանների, Հրայր Խալաթեանների ու Խաժակ Տէր-Գրիգորեանների…
 
23000-ների գերակշիռ տոկոսը, սակայն, հրապարակ է իջել Հայաստանի այսպէս ասած՝ 2-րդ հանրապետութեան՝ Սովետական կարգերին ժամանակակից, երբ «Ալիք»-ը վեց տասնամեակ ամբողջ ալեկոծւել է հնարաւոր ու անհնար տեղատւութիւններով ու մակընթացումներով՝ հետագայում խաղաղ ափերի հորիզոններին մշտապէս ուրւագծելով փայփայած Հայաստանի  անկախութեան վերականգնումը, որն բռնադատւած էր մնացել ամբողջ 70 տարիներ:
 
Ահաւասիկ, շուրջ 28 տարի է, ինչ նոյն «Ալիք»-ը բովանդակ հայութեան համազգային ու համահայկական տեսլականին կառչելով՝ ինչպէս դրան նախորդող 68 տարիներում, գուրգուրում ու նեցուկ է կանգնում անկախ Հայաստանի, թէկուզ տատասկոտ, բայցեւ՝ կայուն զարգացման ճանապարհին…, որի երկայնքում քիչ չեն եղել ծանրակշիռ գիներ վճարելու ըստ ամենայնի բնականոն իրողութիւնները:
 
Գին՝ Արցախեան ազատագրական պայքարի ու մինչ օրս շարունակւող պատերազմական իրավիճակներում,
 
գին՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական անարդարութեան ու դրանից բխող ձախորդ պայմաններում,
 
գին՝ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հիմքում ընկած համակարգային-անցումային փոփոխութիւնների ճամբին, որոնք երբեւէ հարթ եւ հեշտ ձեռք բերելը իրատեսական չի կարող լինել, որովհետեւ կայ օրինաչափ այն հասկացութիւնը, որի համաձայն՝ անկախութեան նւաճումից առաւել դժւարն ու առաւել գին պահանջողը դա՝ նոյն անկախութեան  պահպանումն է…:
 
Ու վերջապէս, մեր այս 23000-րդ խորհուրդ-գաղափարով գալիս ենք վերահաստատելու ազատ ու անկախ Հայաստանի եւ մէկ խօսքով՝ Հայոց պետականութեան պահպանման ու ամրապնդման ճամբին նորանոր գիներ վճարելու մեր անխախտ հաւատամքը, որի 100-ամեայ դարակերտ հանգրւանին ենք հասել ազգովի:
 
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը