Փողոցում վարչապետ չեն ընտրում. Կարեն Կարապետյանն առաջարկում է անցկացնել արտահերթ ընտրություններ.aysor.am


Փողոցում վարչապետ չեն ընտրում. Կարեն Կարապետյանն առաջարկում է անցկացնել արտահերթ ընտրություններ.aysor.am

  • 25-04-2018 11:02:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

aysor.am ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ նույն կարծիքին, որ պետք է կայանան երկխոսություններ։
 
«Մաքսիմալ սթափ մտածեք, ինչ ենք մենք ուզում, ես հարգում եմ բոլորի կարծիքը, մենք դրան համապատասխան արձագանք տվել ենք, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը պետք է նստեն խոսեն», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարեն Կարապետյանը։
 
Հարցին՝ հնարավոր համարում է ընտրել «այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուին», Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այսպես կոչված վարչապետի թեկնածուն ո՞րն է: Մի հատ բացատրեք: Ես որևիցե մի երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում: Գոյություն ունեն ընտրություններ: Կան մեր քաղաքացիները, որոնք դժգոհ են, բայց ո՞նց չափենք՝ այդ քաղացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ թեկնածուի, ինչպե՞ս մենք վարվենք», - նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
 
Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ առաջարկում են անել արտահերթ ընտրություններ։
 
«Եթե ժողովրդի ընտրյալն ինքն է, ինքը կգնա»,- նշեց նա։
 
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ իշխանությունը կգնա այդ քայլին, նա պատասախնեց. «Ես բացառում եմ, որովհետև ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ, ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալը դառնա թեկնածու, դա իմ կամքը չի»։
 
Կարեն Կարապետյանը շեշտեց՝ ժողովրդի ընտրյալը դա մի տարբերակ է՝ ընտրությունն է։ «Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում, չկա այդպիսի ժողովրդի ընտրյալ», - ասաց նա։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play