ՀՀԿ-ն մոբիլիզացնում է քրեական ռեսուրսը, Կարեն Կարապետյանն էլ կրակի հետ է խաղում

25-04-2018 13:14:54   | Հայաստան  |  Հոդվածներ
Երեկ օրվա վերջին հայտնի դարձավ, որ այսօր ժամը 11-ին նախատեսված հանդիպումը Կարեն Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի չի ունենալու: Նիկոլն այդ կապակցությամբ արել էր հետեւյալ հայտարարությունը.
 


«Ես այսօր վարչապետի պաշտոնակատարին, ԱԺ նախագահին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարին առաջարկել եմ, որ բանակցությունները կայանանա 3+3 ֆորմատով, առաջարկել եմ, որ բանակցությունները լինեն լրագրողների ներկայությամբ, նշել եմ, որ մեր չորս կետերի շուրջ պիտի լինեն բանակցությունները:
Իրադարձությունները, սակայն, մեզ ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ում մտածում են Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործեն ՀՀԿ իշխանությունը պահպանելու համար։ Հարցը ՍերԺ Սարգսյանի անձի մեջ չէ, այլ համակարգի մեջ։ Եւ մենք չենք կարող ընդունել, որ վարչապետ նշանակվի ՀՀԿ որեւէ ներկայացուցիչ։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ՀՀԿ-ն փորձում է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի ցնծության ալիքը օգտագործել սեփական իշխանությունը պահպանելու համար։ ՀՀԿ-ն չ կարող շարունակել մնալ իշխանության։ Ժողովուրդը հաղթել է, եւ հաղթանակը պետք է ամրագրվի։
Մենք կոչ ենք անում վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում։ Մեր շարժման որեւէ մասնակից չի համաձայնվի, որ սկսած գործը կիսատ թողնենք։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀԿ-ն սեփական լիդերին զոհաբերելով փորձի պահել իշխանությունը։ Կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Հաղթանակը չի կարող դուրս պրծնել ժողովրդի ձեռքից։ Եւս մեկ շաբաթ է մեզ պետք՝ հաղթանակն ամրագրելու համար», ասել է Փաշինյանը։
 
Ավելի ուշ հայտարարություն է տարածել Կարեն Կարապետյանը.
 
«Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:
Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:
 
Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:
Սա գործընթացի հրապարակային մասն է, դժվար է ասել, թե ինչ բանակցություններ են նախորդել այս հայտարարություններին: Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել էր բանակցության օրակարգը՝ իշխանության անցնցում անցումը եւ ԱԺ առաջիկա նիստում ժողովրդի թեկնածուին վարչապետ նշանակելը, եւ համաձայնվելով հանդիպման՝ Կարեն Կարապետյանը փաստացի համաձայնվել է այս օրակարգին: Այդ պարագայում հարց է առաջանում՝ ինչ տարբերություն, թե ովքեր են մասնակցում, եւ ԶԼՄ-ների ներկայությամբ է հանդիպումը, թե ոչ:
 
Հետաքրքիր է, որ ինչ որ առումով կրկնվում է Սերժ Սարգսյանի հետ Նիկոլի հանդիպման իրավիճակը: Կարեն Կարապետյանը դժգոհում է, որ հանդիպումը պետք է կայանա լրատվամիջոցների ներկայությամբ, եւ չի ուզում գնալ: Իսկ Սերժ Սարգսյանը գնացել էր, ու բոլորը տեսան նրան ողջ «հմայքով»:
Կարեն Կարապետյանը խոսում է արտահերթ ընտրության տարբերակի մասին, որը նաեւ Նիկոլի պահանջներից մեկն է, որպես իրավիճակի հանգուցալուծում: Սա առանցքային խնդիրն է, քանի որ չափազանց էական է, թե արտահերթ ընտրության ժամանակ ով է լինելու վարչապետը: ՀՀԿ-ն ցանկանում է օգտագործել իրավիճակը եւ առայժմ իր ունեցած մեծամասնությունը՝ պահելու վարչապետի պաշտոնը, քանի որ այդ դեպքում հնարավորություն կունենա կրկին կեղծել ընտրությունը: Հակառակ պարագայում, հասկանալի է, որ ՀՀԿ-ն չի անցնի անցողիկ շեմը եւ պարզապես կանէանա:
Նկատելի է, որ ՀՀԿ-ն ժամանակ է փորձում ձգել ու կրկին ներկայանալ Կարեն Կարապետյանի դեմքով, ինչպես նախորդ ընտրությանը: Սերժ Սարգսյանը հեռանալով վարչապետի պաշտոնից, պահպանում է ՀՀԿ ղեկավարի պաշտոնը եւ ըստ այդմ՝ ստվերային կառավարումը: Տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն այս օրերին մոբիլիզացնում է քրեական ռեսուրսը:
Իր հերթին, Կարեն Կարապետյանը երեկ ողջ օրը խորհրդակցությունների մեջ էր ուժայինների, այլոց հետ, ըստ ամենայնի քննարկվել է հենց բանակցության չեղարկումից հետո հնարավոր զարգացումների խնդիրը:
 
Կարեն Կարապետյանն, այսպիսով, երկրորդ անգամ է ստանձնում ՀՀԿ-ին փրկելու դերը: Նա կրակի հետ է խաղում, այսպիսով կրելով նախորդ եւ հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը:
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2624 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար