Դինաստիան հոգեվարքի մեջ է և կարող է ամեն ստոր քայլի գնալ


Դինաստիան հոգեվարքի մեջ է և կարող է ամեն ստոր քայլի գնալ

  • 25-04-2018 13:32:30   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

 

- Ապրիլի 25-ին իշխանությունն անցնցում փոխանցելու հարցի շուրջ հանդիպումը։ Ի՞նչ է կատարվում:
 
 
-Նախօրեին ողջ հայության համար Սերժ Սարգսյանի հրաժարականը ազգային տոն էր, որովհետև այս շարժման մեջ կար մեծ էներգիա։ 1988-ի շարժումից հետո մեր վզին փաթաթվեց մի իշխանություն, մի դինաստիա, որը տևեց մոտ 28 տարի։ Այդ դինաստիան, առաջին նախագահից մինչև 3-րդ նախագահ, կեղեքեցին ժողովրդին, երկիրը, պատերազմի ժամանակաշրջանում դեմ գնացին ժողովրդի բոլոր նախաձեռնություններին։ Արցախյան պատերազմի ժամանակ հարցը չլուծվեց կապիտուլյացիայով, իսկ այդ դինաստիան մեծ հարստություններ դիզեց՝ իր ներսում ունենալով բազմաթիվ օլիգարխներ, քրեական տարրեր, սեփական ազգակցին վերացնող ու վախ տարածող ոճրագործներ։ Այդ ոճրագործների խմբին բոլորը գիտեին, բայց վախենում էին, որովհետև մաս-մաս իրենք ամեն մեկին կոտրում էին։
 
 
Այս տարիների ընթացքում վերջապես Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հզոր շարժում ձևավորել, որում կային բոլոր նախորդ պայքարների, այդ թվում «Սասնա ծռերի», «մարտի 1»-ի էներգիան։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ի մի բերել այս ամենը և հաղթանակ գրանցել։ Այս հսկա շարժումը վերացրեց այդ դինաստիան։ Մեծ էր հայաստանցիների, սփյուռքի հայերի ուրախությունը։
 
 
Այդ դինաստիան, սակայն, դեռ չի վերացել։ Նրանք Սահմանադրությունը հարմարեցրել են իրենց, որ շարունակեն իրենց իշխանությունը։ Հանրապետականն այսօր չարորակ ուռուցք է դարձել՝ տարածված ամբողջ հանրապետությունով։ Փաստացի, այսօր երկիրը դեռ ղեկավարում է Սերժ Սարգսյանը, քանի որ Ազգային ժողովում մեծամասնություն են հանրապետականները, իսկ ինքը ՀՀԿ-ի ղեկավարն է։ ՀՀԿ-ն է նշանակել այս կառավարությունը, այդ թվում Կարեն Կարապետյանին։ Եթե անգամ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գա, նա շարունակելու է ղեկավարվել ՀՀԿ-ի կողմից։ Հետևաբար մտավախությունն այն է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է լինել ժամանակավոր մանևր, որ ապրիլի 24-ը սահուն անցնի։ Հնարավոր է՝ պայմանավորված լինեն, որ Սերժ Սարգսյանի փոխարեն գա Կարեն Կարապետյանը, և չկատարեն այն խոստումները, որ տվել են Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն ասեն՝ դուք ուզում էիք Սերժ Սարգսյանի հրաժարականը, դա տեղի է ունեցել, հիմա բերեք ձեր թեկնածուին, մենք էլ չենք ընտրի։ Այսինքն շատ հնարավոր է, որ այս 2 օրում նրանք փորձեն ուժային կառույցների հետ կարգավորել այդ հարցը։
 
 
Ես ՀՀԿ-ից նման ստոր արարքներ սպասում եմ։ Շարմազանովն արդեն ասել է, որ ՀՀԿ-ն եղել է, կա և կմնա։ Կարեն Կարապետյանն էլ հանդիպել է ուժային կառույցների ղեկավարների հետ և ասել, որ այդ կառույցները կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Արդյոք սա չի նշանակում, որ մենք մտավախություն կարող ենք ունենալ։ Մյուս կողմից, տեսնելով մեր հեղափոխական ժողովրդի էներգիան, ես բացառում եմ, որ ՀՀԿ-ն կարող է նման քայլի գնալ։ Անգամ եթե նման քայլի գնան, դա կարող է տևել մեկ օր միայն, որովհետև ժողովրդի էներգիան նորից կհավաքվի, ու այդ դեպքում հանրությունը պետք է պահանջի, որ նրանք անհապաղ լքեն Ազգային ժողովի շենքն ու ցրվեն։ Իսկ ժողովուրդը տեղում կընտրի ժամանակավոր կառավարություն։ Ես կարծում եմ՝ ամեն ինչ հնարավոր է, միայն մեկ բան է անհնար, որ ՀՀԿ-ն այլևս չի կարողանալու իր չարորակ ուռուցքի տիպով ղեկավարել Հայաստանը։ Մենք դա թույլ չենք տա։
 
 
-Կարեն Կարապետյանը հանդիպել է դեսպանների հետ և ասել, որ տարբեր օրակարգերի շուրջ են պատրաստվում խոսել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Փաշինյանն իր օրակարգն է առաջարկել։ Հիմա կարո՞ղ է վաղը պարզ դառնա, որ իշխանությունը շարունակում է պայքարը իշխանության համար։
 
 
-Դա հնարավոր է, որովհետև իշխանական դինաստիան լրջորեն անհանգստացած է։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանն էլ է եկել։ Բոլորով հավաքվել են, որովհետև դինաստիայի խարխլում է, սա օրենքի առջև պատասխանատվություն է։ Իրենք իրենց նախորդ արածների համար վախենում են, որովհետև գիտեն, թե ինչի կարող են արժանանալ, գիտեն, որ փախչելու տեղ չունեն։ Դրա համար դինաստիան հոգեվարքի մեջ է, իսկ հոգեվարքի մեջ մտնողը կարող է ամեն ստոր քայլի գնալ։ Սակայն, այլևս ինչ էլ անեն, իրավիճակն իրենց օգտին դարձնել չեն կարող։ Ժողովրդի էներգիան այնքան հզոր է, որ հետ վերադարձ, իշխանության բռնազավթում թույլ չի տա։ Եթե ընդամենը մեկ տարի առաջ խաբելով վերցրին մանդատներ՝ քուչի հեղինակություններով, ռեյտինգային ընտրակարգով, ապա ժողովուրդը իր ակտիվ գործողություններով զրկեց նրանց այդ ամենից։ Ոստիկանական տասնյակ հազարանոց զորքը, ինչ-որ հաստագլուխներ, քրեական տարրեր, Թոխմախի, Լֆիկի, Շմայսի հանցագործ ստորաբաժանումները, Վովա Գասպարյանի Արշակները այլևս դեր չեն խաղում։ Նրանք այլևս ի զորու չեն ժողովրդի թավշյա հեղափոխության հզոր թափին դիմանալ։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ