ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կոչ է արվում միանալ ժողովրդին (տեսանյութ)


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կոչ է արվում միանալ ժողովրդին (տեսանյութ)

  • 25-04-2018 16:18:57   | Հայաստան  |  Քաղաքական



Գրող , երգահան Արսեն Համբարյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ կոչ անելով վերջինիս  միանալ ժողովրդական շարժմանը։ Նամակում, մասնավորապես, ասված է․
 
<<Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ` պարո'ն Արմեն Սարգսյան, կարծում եմ, ցանկության դեպքում, Դուք հիմա ոչ միայն կարող եք երկիրը հանել այս իրավիճակից, այլ նաև նոր սկիզբ դնել նրա ճիշտ ուղով զարգացմանը: Ստեղծվել է մի իրադրություն, երբ Ձեր կյանքի ճանապարհը Ձեզ բերել հասցրել է հեքիաթներում հաճախակի հանդիպող մի կետ-հանգույցի` խաչմերուկի, որտեղից երեք ճանապարհ է բացվում.
1-ինը ետ դարձի ճանապարհն է, որը կարծում եմ այնքան էլ Ձեր սրտով չի, քանի որ մի կյանքում երկու անգամ մոտավորապես նույն կերպով, նույն երկրի, համարյա նույն բարձրության աստիճանի պաշտոնում հայտնվելն ու շտապ, անսպասելի հեռանալը լուրջ մարդու արարք չէ, իսկ Դուք ավելի քան լուրջ մարդու տպավորություն եք թողել մեզ վրա, հատկապես նախորդ անգամ,
2-րդ ճանապարհը տանում է մի տեղ, որտեղ Սերժ Սարգսյանի և իր համախոհ շախմատիստների ու չշախմատիստների կողմից բեմադրված ու պարտադրված մի ստորացուցիչ և հայրենադավ պարտիա է խաղացվում, ուր Ձեզ համար նախատեսել են ամենակարևոր համարվող, բայց և ամենախոցելի, ամենաթույլ, ամենածույլ և ամենաավելորդ թվացող խաղաքարի` ճատրակային թագավորի դերը, սա բազմակի ավելի նսեմացուցիչ է քան նախորդ տարբերակը,
3-րդ ճանապարհով գնալիս Դուք հնարավորություն կունենաք դառնալ ազգի առաջնորդը, եկե'ք, գլխավորեք նախորդ իշխանությունների արարքներից ու չարարքներից հոգնած, ըմբոստացած, ոտքի ելած Ձեր ժողովրդի շարժումը, հենվելով մեզ վրա` մաքրե'ք երկիրը ավելորդություններից, ախտ ու աղտերից, և առաջնորդե'ք մեզ կերտելու մեր ու Ձեր երազների հայրենիքը>>:
 
Ա․Համբարյանը <<Նոյյան Տապան>>-ի   սրահում դիմելով ժողովրդական շարժման մասնակիցներին՝  կոչ արեց չվախենալ եւ շարունակել պայքարը․<<Սկսած գործը կիսատ չեն թողնում>>,- ասաց նա զսպվածության կոչ անելով ինչպես ժողովրդին, այնպես էլ իշխանություններին եւ ոստիկանությանը։   Ա․ Համբարյանն իր զրույցն ավարտեց Արցախի հայությանը ուղղված խոսք-երգով։ 
 
Մանրամասները տեսանյութում
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play