Անհապաղ ազատ արձակել Սասնա Ծռերին ու ՀՀ բոլոր քաղբանտարկյալներին․ Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միություն


Անհապաղ ազատ արձակել Սասնա Ծռերին ու ՀՀ բոլոր քաղբանտարկյալներին․ Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միություն

  • 25-04-2018 22:28:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մենք` գերմանաբնակ հայերս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետությունում այս օրերին ընթացող ներքաղաքական զարգացումներում հայրենի բնակչության քաջարի մեծամասնության դիրքորոշումը ու շնորհավորում բոլորին ձեռք բերված նախնական հաջողությունների համար: 
Մենք հայտնում ենք մեր եղբայրական զորակցությունը ժողովրդական մեր շարժմանը, որին ներդրել ենք և այսուհետև ևս ներդնելու ենք մեր բոլոր կարողություններն ու հնարավորությունները ու թիկունք ենք լինելու հայրենի բնակչությանը:
Միաժամանակ գտնում ենք, որ հաջողությունների պահպանման ու զարգացման, ինչպես նաև ներկա շարժման միջազգային վարկի բարձրացման համար,  կարևորագույն երաշխիք է Սասնա ծռերի և բոլոր մյուս քաղբանտարկյալների անհապաղ ազատումը: Ներկայումս ձեռք բերված նախնական հաջողությունների համար քաղբանտարկյալնների տարիների կատարած ներդրումն ու վաստակը անչափելի մեծ է: 
Նրանք պետք է վայրկյան առաջ դուրս գան բանտերից ու իրենց նվիրվածության, հեղինակության, ներուժի ու փորձի ներդրմամբ անմիջապես ներգրավվեն նոր պետականաշինության գործին:
Նրանք կարող են նաև Սփյուռքի առողջ ու քննադատ ուժերի հետ հայրենի երկրի այսօրվա նորարարության պայքարին ազնվորեն լծված ուժերի հետ երկխոսության ու սերտ համագործակցության վստահելի ու կենդանի կամուրջներ դառնալ:
Թավշյա հեղափոխության ղեկավարներին հորդորում ենք առանց վայրկյանի կորստի հայտարարել ու ձեռնամուխ լինել քաղբանտարկյալների ազատության գործի կազմակերպմանը:
 
Հարգանքներով`
Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միություն 
Նախագահ` Ազատ Օրդուխանյան
Հեռ․ 0049 (0) 175 – 96 31 556
Էլ․ հասցե`vorstandaav1860@gmail.com
Գերմանիա, 25 ապրիլի 2018թ․
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն