Հովհաննես Մանուկյան. Հնարավոր քաոսի հետևանքների պատասխանատուն չի լինի շարժումը
26-04-2018 11:15:01 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՄԻԱՑՈՒՄ բառն արդեն վարորդների և ոստիկանության աշխատակիցների համար այլ իմաստ է ստացել, ընդ որում բացարձակ իրարից տարբերվող, իրարամերժ և անհասկանալի: Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և զանգվածային անհնազանդության դրսևորումների մարդաշատ այլ վայրերում քաոտիկ երթևեկությունն ու վայրենի խրախճանքն ամենաթողության հասցնելն անթույլատրելի է: Սա առաջին հերթին հարվածելու է հենց ժողովրդական շարժմանը։
Խուճապի և անիմաստ վիրուսային լուրերի անխնա տարածումը հուշում է ժողովրդի պահանջը չարաշահողների, քաոսից ոչ միայն հաճույք, այլև օգուտ ստացողների այս պահին դեռ ապակենտրոնության մասին: Բայց խուժանը կարող է միավորվել, կամ նրան կարող են միավորել․․․
Զգոնությունը երբեք չի կարելի կորցնել:
Եվ մի հիշեցում․ հնարավոր քաոսի հետևանքների պատասխանատուն չի լինի շարժումը, որովհետև նախ նման վարքագծի կոչ չի հնչեցվել (ընդհակառակը՝ շարժման կարգախոսներից է խաղաղ և ոչ բռնի ընթացքը), երկրորդ՝ լեգիտիմ և բավարար ռեսուրս չունի շարժման տրամաբանությունից դուրս գործող խուժանին ճնշելու: Դրա պատասխանատուն կրկին կլինեն իշխանական լիազորություններով օժտված անձինք, որովհետև կամ խուսափում են (անկարող են) իրենց պարտականությունները կատարել, կամ սաբոտաժ են իրականացնում ժողովրդական շարժումը վարկաբեկելու նպատակով։