Վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 1-ին
26-04-2018 12:15:45 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: Այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»։
ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է՝ ՀՀ Սահմանադրության համաձայն` ՀՀ վարչապետի հրաժարականից հետո 7 օրվա ընթացքում Ազգային ժողովի խմբակցությունները իրավունք ունեն ներկայացնել վարչապետի թեկնածուներ, ինչից հետո խորհրդարանում բաց անվանական քվեարկությամբ տեղի է ունենում վարչապետի ընտրությունը։