Բակո Սահակյանը պետք է հայտարարի. ով ունի վախենալու պատճառ

26-04-2018 15:00:23   | Հայաստան  |  Հոդվածներ
Հայաստանում ծավալվող իրադարձություններին զուգահեռ առկա է հարցը, թե ներքին իրողություններն ինչպես կարող են անդրադառնալ Հայաստանի անվտանգության կարեւորագույն խնդրի՝ արցախյան հակամարտության եւ սահմանի վիճակի վրա:
 


Այդ կապակցությամբ իշխանությունը փորձեց անել մի քանի մանիպուլյացիաներ, որոնք սակայն էապես չփոխեցին հրապարակի վիճակը: Ավելին, հնչեց բավական հստակ ուղերձ հարթակից, որ պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գործն է բանակը զերծ պահել ներքաղաքական հարցերից եւ ապահովել անվտանգությունը: Մանիպուլյացիաները բարեբախտաբար կարծես թե չշարունակվեցին, գոնե առայժմ:
 
Մյուս կողմից, հետաքրքիր արձագանքներ են ստացվում Արցախից, որտեղ հանրության շրջանում կա Հայաստանում տեղի ունեցող թավշյա իշխանափոխության հանդեպ ոչ միայն ուշադրություն, այլ զգուշավորություն եւ անգամ ինչ որ առումով խուճապի տարրեր, մտավախությամբ, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները ի վերջո հանգելու են «տարածքների վերադարձի» եւ նույնիսկ ունեն հենց այդ նպատակը:
Արցախի հանրության այդ զգացումներն ու ընկալումն անշուշտ բխում են պարզ տրամաբանությունից, ու նաեւ տարիներ շարունակ իշխանության քաղաքական նպատակներով արվող շահարկումներից՝ որ եթե Հայաստանում ընդդիմությունը կազմակերպում է բողոքի ազդեցիկ դրսեւորումներ, ապա դա կբերի անկայունության եւ դա էլ կազդի անվտանգության վրա:
Օբյեկտիվ ու սուբյեկտիվ, մանիպուլյատիվ այդ հանգամանքների երկարամյա առկայությունը հասկանալի է դարձնում Արցախի հանրության մոտ այդօրինակ մտահոգությունների առկայությունը:
Անհասկանալի է այն, որ չի կատարվում առարկայական քայլ այդ մտահոգությունը ցրելու համար, որը պետք է անի օրինակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նա այս օրերին Երեւանում է, մասնակցում է ներիշխանական քննարկումներին, իրավիճակից դուրս գալու ելքերի որոնմանը, նաեւ ունեցել է մի շարք հանդիպումներ՝ ոչ միայն Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի, Կաթողիկոսի, Կարեն Կարապետյանի, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ:
Արցախի նախագահի այդ ներգրավվածությունն ու աշխույժ հանդիպումները կարեւոր են, թեեւ հայտնի չէ դրանց բովանդակությունը: Այդուհանդերձ, պետք է կարծել, որ խնդիրը ներքին թեկուզ չբարձրաձայնված, բայց կոնսենսուսն է Արցախի հարցում:
Բայց անհրաժեշտ է հստակ ազդակներ հղել Արցախի հանրությանը, որպեսզի մարդիկ դադարեն վախենալ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հետեւանքից:
Եթե այդ զարգացումներւից վախենալու բան ունի, ապա թերեւս միայն Ադրբեջանը, այն իմաստով, որ ներքին վերափոխումներն ու հանրային վերելքը, դրա հիման վրա թեկուզ դժվարությամբ, թեկուզ լարվածությամբ, բայց ձեւավորվելիք նոր իշխանությունն ու համակարգը միայն կամրացնեն Հայաստանի դիմադրունակությունն ու այսպես ասած կերկարացնեն լեզուն, այդ թվում Արցախի հարցում:
Ի վերջո, եթե խոսքը վերաբերում է տարածքներին, նաեւ անվտանգությանը, այստեղ խնդիրը այնքան լայն է եւ ընդգրկուն, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները եւ նրանց դերակատարները բավական մանր են այդ շրջանակում: Դրանում ներառված են աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ ուժային կենտրոններ, որոնց շրջանակում հատկապես ապրիլյան պատերազմից հետո գերակշռում է նվազագույն կոնսենսուսը ռեգիոնալ անվտանգության եւ կայունության պահպանման հարցում:
 
Հայաստանը, նաեւ Ադրբեջանը, քիչ ազդեցություն ունեն այդ շրջանակի վրա, առավել եւս ստատուս-քվոյի փոփոխության մասով: Հակառակ պարագայում, եթե այդ վերին շրջանակում Աստված մի արասցե կայացվի այդպիսի որոշում, եթե ձեւավորվի այդպիսի կոնսենսուս, որի քաղաքական նախադրյալները համենայն դեպս մոտ ապագայում կարծես թե չեն նշմարվում, ապա դրա իրագործման համար այդ խաղացողները բավական ուժեղ են՝ որպես ճանապարհ Հայաստանում ապակայունացում առաջացնելու կարիքն ունենալու համար: Նրանք դրա վրա ժամանակ անգամ չէին վատնի:
 
Արժե, որ Արցախի նախագահը ժամանակ գտնի Արցախի հանրությանը պատասխանատու կերպով հանգստացնելու համար:
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 858 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար