Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ճամպրուկները հավաքածներին դրանք ետ դասավորել, քանի որ ՀՀ-ում «վհուկների որս» չի լինելու


Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ճամպրուկները հավաքածներին դրանք ետ դասավորել, քանի որ ՀՀ-ում «վհուկների որս» չի լինելու

  • 26-04-2018 16:05:58   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանում ներհանրային թշնամանքի էջն արդեն իսկ փակված պետք է համարել։
 
Այս մասին «Ուրվագիծ» հաղորդաշարի շրջանակներում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը։ 
 
Ըստ նրա՝ ՀՀ-ում իրապես պետք է հաստատվի ազգային միասնության մթնոլորտ, որը հիմնված կլինի օրինականության վրա։ 
 
«Ես ուղիղ կոչ եմ անում բոլորին և ես ուղիղ պարտավորվում եմ, որ իրենց օլիգարխներին մեր օլիգարխները չեն փոխարինելու, որովհետև, եթե այդպես լինի, ապա մեր փոփոխություններն անիմաստ կլինեն և մենք անհարգալից վերաբերմունք կցուցաբերենք մեր իսկ անցած ճանապարհի ու ժողովրդի նկատմամբ»,- ասել է Ն․ Փաշինյանը՝ ընդգծելով, որ միայն դրական փոփոխություններ են լինելու։  
 
Նրա  խոսքերով՝ կատարված հեղափոխությունից հետո, որը նաև հանգեցնելու է իշխանափոխության, հայ գործարարները մտահոգվելու առիթ չունեն։ 
 
«Վախի մթնոլորտ չկա, և «վհուկների որսը» դեմ է մեր գաղափարախոսությանը, մեր էությանը և նման բան ՀՀ-ում չի լինելու։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր հավաքել և դասավորել են իրենց ճամպրուկները, ետ դասավորեն իրենց պահարաններում»,- նշել է Ն․Փաշինյանը։ 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ իշխանության գալու դեպքում իրենց համակարգային ամենակարևոր խնդիրը լինելու է ընտրությունների օրինականության հաստատումը, քանի որ համոզված է՝ Հայաստանի դեգրադացիան սկսվել է այն պահից, երբ ընտրությունները կեղծվել են։ 
 
«Մեր առաջին խնդիրը հատկապես ժամանակավոր կառավարման շրջանում ընտրությունների օրինականությունը, թափանցիկությունը և ազատությունը երաշխավորելն է»,- ընդգծել է նա՝ շեշտելով, որ կադրային «ջարդ» չի լինելու, ավելին՝ ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության արհեստավարժ աշխատակիցները շարունակելու են կատարել իրենց գործը։ 
 
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Ն․Փաշինյանը փաստել է, որ իրենք չեն պատրաստվում կտրուկ շրջադարձեր կատարել այդ ոլորտում։ 
 
Նրա վստահեցմամբ՝ Հայաստան-Իրան, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ԱՄՆ ուղղություններով կա հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ, որը չի օգտագործվում։
 
Հաղորդման ավարտին Ն․ Փաշինյանն ընդգծել է, որ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև որ ժողովրդի հաղթանակը կարձանագրվի նաև դե յուրե։
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն