Միանում եմ բոլորիդ ՀՀ-ում եւ սփյուռքում. Լեւոն Արոնյանն աջակցություն է հայտնում ժողովրդին


Միանում եմ բոլորիդ ՀՀ-ում եւ սփյուռքում. Լեւոն Արոնյանն աջակցություն է հայտնում ժողովրդին

  • 26-04-2018 16:39:17   | Հայաստան  |  Հասարակություն

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին: Նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Արոնյանն ընդգծել է, որ հպարտություն է զգում իր հայրենակիցների գործողություններին հետեւելիս:
 
«Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետեւելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը եւ իշխանության ցուցաբերած իմաստուն եւ հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Կան պահեր, երբ մարդկանց մի խումբ միմյանց հավատալով, ռիսկի է գնում ու հասնում հաջողության, հենց այսպես է հաջողության հասել շախմատի մեր թիմը նաեւ: Այս պահերին է, որ բոլոր կողմերից պահանջվում է բարձր պատասխանատվության զգացում:
 
Միանում եմ բոլորիդ Հայաստանում եւ սփյուռքում, եւ հավատում, որ մեր նպատակներին հասնել կարելի է միայն խաղաղ եւ արժանապատիվ ճանապարհով: Եկեք զգուշանանք այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այն ամենը, ինչ մեր ժողովուրդը կառուցել է երկար տարիներ: Այո՛, մենք պետք է ավելին պահանջենք, այո՛, մենք կարող ենք ավելին ունենալ: Սակայն, այնպես ինչպես շախմատում, մեր ջանքերը պետք է լինեն համառ եւ գիտակից: Առողջ եւ մրցունակ տնտեսություն, պահանջարկ ունեցող աշխատուժ, օրենքի գերակայություն եւ հանրային ինստիտուտների ամրապնդումը, կանանց դերի եւ ազդեցության մեծացում մեր հասարակության մեջ, սրանք այն քայլերն են որոնք բերում են զարգացման: Եկեք քայլենք այդ ուղղությամբ:
 
Անչափ կարեւոր է սեփական իրավունքների հաստատումն ու կայացումը սկսել մեր իսկ պատասխանատու վերաբերմունքով: Այն սկսվում է յուրաքանչյուրիս մեկ քայլով՝ մաքուր փողոցներով, կանաչ այգիներով, մաքուր գետերով ու անտառներով: Նման պատասխանատվությամբ կկարողանանք մեր սերն ու երախտագիտությունն արտահայտել մեր երկրին եւ հողին:
 
Միասին մենք անհաղթ ենք: Աստված օրհնի Հայաստանը:
 
Լեւոն Արոնյան
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play