Քաջարանում կրքերը չեն հանդարտվում. ցույցի դուրս եկած հանքագործերին փորձում են լռեցնել տարբեր միջոցներով


Քաջարանում կրքերը չեն հանդարտվում. ցույցի դուրս եկած հանքագործերին փորձում են լռեցնել տարբեր միջոցներով

  • 11-05-2018 18:09:19   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

Քաջարանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ գնահատական տալու համար դիմեցինք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի դասախոս, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանին
 
 Ի պատասխան մեր հարցման՝ նա մասնավորապես ասաց:
 
Մինչ Ձեր հարցին անդրադառնալը նախ՝ սկսենք մի քիչ հեռվից՝ 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներից, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կառավարումը հանձնվեց ավազակային խմբին՝ անունով Պոլոսկովի, բայց իրականում Վահեի գլխավորությամբ:
Կարճ ժամանակում պարզ դարձավ, որ հիշյալ խումբը Քաջարան է գործուղվել մի գլխավոր նպատակով՝ որքան հնարավոր է թալանել շատ, այն էլ միանգամից: Դրա վառ ապացույցն է այն, որ վերջին գրեթե չորս տարում ԶՊՄԿ-ն էապես զիջել է իր դիրքերը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում, այն դեպքում, երբ հանքաքարի մշակման ծավալները ոչ թե նվազել են, այլեւ էապես աճել: Որոշակիորեն աճել են նաեւ պղնձի եւ մոլիբդենի գները միջազգային շուկայում:
Ուզում եմ հիշեցնել, որ Քաջարանի կոմբինատը խորհրդային տարիներին ունենալով հանքաքարի մշակման երեք անգամ փոքր ծավալ, ոչ միայն եղել է այն ժամանակվա խորհրդային բյուջեի գլխավոր հարկատուներից մեկը, այլեւ նաեւ ապահովել է Կապան, Քաջարան քաղաքների բնակարանաշինության լայն թափ, կառուցել սոցիալական նշանակության օբյեկտների մեծ ցանց, իր կարեւոր աջակցությունը ցուցաբերել հասարակության մշակութային-հոգեւոր կյանքի կազմակերպմանը եւ բացի այդ աջակցել հանրապետական նշանակության բազմաթիվ ծրագրերի, որին ականատես ենք եղել նաեւ մենք, եւ որը կարող է փաստել պատմությունն օբյեկտիվորեն ներկայացնող յուրաքանչյուր ոք: 
Իսկ հիմա… Վերանորոգելով մանկապարտեզի որեւէ մի սենյակ, իրենց ենթակա գրպանային լրատվամիջոցներով ցանկանում են հասարակությանը դա ներկայացնել որպես մեծ բարեգործություն եւ բարեհաճություն: Ուղղակի ամոթ է:
ԶՊՄԿ-ում աշխատող իմ բազմաթիվ ծանոթների վկայությամբ՝ կոմբինատում ստեղծվել է մի վիճակ, որ կարծես մարդիկ բաժանված են երկու խմբի. բարձր աշխատավարձ ստացող եւ ստվերային գործունեությամբ հարստացող, հիմնականում դրսից եկած, ղեկավար անձնակազմ եւ իր գործը պարտաճանաչ կատարող բանվոր դասակարգ:
Իսկ որ վերջին չորս տարում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ստացվող եկամուտները գնում են ստվերային գրպաններ, դա արդեն կասկածից վեր է: Այլապես ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ վերը նշված արտադրական ծավալների դեպքում հանրապետական բյուջե վճարվում է ոչ համարժեք գումարներ, բանվորներին եւ շարքային աշխատողներին վճարվում է համեմատաբար ցածր աշխատավարձ այն դեպքում, որ Արծվանիկի թափուկատարը լցվում է անհավանական արագությամբ: 
Իսկ վերջին շրջանում սկսեցին լուրեր տարածվել, թե իբր կոմբինատն աշխատում է գրեթե վնասով, որի նպատակը, ըստ շրջանառվող լուրերի, եղել է կոմբինատի բաժնետոմսերի վերաբաշխում-թալանը:
Այժմ անդրադառնամ կոնկրետ ձեր հարցին:
Երկրորդ օրն է, ինչ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքագործերը դուրս են եկել ցույցի եւ ներկայացնում են միանգամայն օրինական պահանջներ:
Սակայն ավազակախումբը վերջին երկու օրվա ընթացքում ստվերային աշխատանքներ է ծավալել Քաջարանում՝ մարդկանց լռեցնելու, վճարովի հիմունքներով Պոլոսկովին, Վահեին, Նարեկին փառաբանելու ուղղությամբ:
Փառք Աստծո, որ վարձու սազանդարների խոսքը հիմա ոչ ոք լրջորեն չի ընդունում:
Ուստի մեկ անգամ եւս բարձրաձայնում եմ, որ քաջարանցիների մտահոգությունը, որ այս օրերին փոխանցում են մարդիկ նաեւ ինձ, ամբողջովին արդարացված է:
Հարկ եմ համարում նշել.
- երկրի նոր իշխանությունն անհապաղ պետք է հետաքննություն սկսի 2014 թվականի օգոստոսից Քաջարանում կատարված բոլոր գործողությունների ուղղությամբ,
- հանրությունը պետք է իմանա, թե 2004-ին մասնավորեցված կոմբինատի բաժենմասերն ովքե՞ր եւ ո՞ւմ միջեւ են վերաբաշխվել,
- պետք է գծից դուրս բերվեն խտանյութ տեղափոխող Վահե Հակոբյանին պատկանող բեռնատարները՝ ասպարեզը զիջելով տեղացի վարորդներին,
- դպրոցականների երբեմնի ճամբարից պետք է հեռացնել գաղութարարներին,
- պետք է պարզել, թե Քաջարանի կոմբինատի արտադրած խտանյութն ինչո՞ւ է իրացվում (սպառողին հասցվում) օֆշորում գրանցված կազմակերպությունների միջոցով,
- եվ, իհարկե, հնարավորինս արագ ժամանակահատվածում բարձրացնել հանքագործների աշխատավարձը,
Ուզում եմ բոլոր սյունեցիները հիշեն՝ Վահեի գլխավորած ավազակախմբի շուտափույթ հեռացումը մեր երկրամասից հավասարազոր է ազգային-ազատագրական պայքարի, ինչին պետք է միանա արժանապատվություն ունեցող ամեն մի սյունեցի:
 
«Սյունյաց երկիր»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն