Վիճակագրության ոլորտը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից. վարչապետ


Վիճակագրության ոլորտը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից. վարչապետ

  • 17-05-2018 17:32:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարության որոշմամբ  Վարդան Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ԿԱ առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից, Դավիթ Անանյանը նշանակվել է  ՊԵԿ-ի նախագահ։
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Դավիթ Անանյանի ուշադրությունն է  հրավիրել վերջին օրերին մաքսակետերում, հատկապես միջնորդ կազմակերպությունների կողմից իրականացվող ինքնիրավչության, գանձվող գումարների զանազան մեխանիզմների, ինչպես նաև փոքր բիզնեսի նկատմամբ վերջին օրերին իրականացվող գործողությունների վրա: 
 Գործադիրի որոշումներով Ֆիրդուս Զաքարյանն ազատվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ  Գագիկ Հայրապետյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
 
Կառավարությունն ընդունել է «ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Ստեփան Մնացականյանը  նշանակվել է  վիճակագրական կոմիտեի նախագահ, իսկ Գագիկ Անանյանը,  Գագիկ Գևորգյանը, Նելլի Բաղդասարյանը, Վանուշ Դավթյանը և Լիլիթ Պետրոսյանը՝ վիճակագրության պետական խորհրդի անդամներ՝ վեց տարի ժամկետով: «Մենք պետք է լրջորեն աշխատենք՝  վիճակագրական կոմիտեի և ընդհանրապես Հայաստանում պաշտոնական վիճակագրության վստահելիության մակարդակը հանրության շրջանում ավելացնելու համար, որովհետև սա չափազանց կարևոր հարց է:  Եվ գործող օրենսդրությունը, և տրամաբանությունը հուշում են, որ վիճակագրության ոլորտը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից և մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը: 
 
 
 
 
 
 
 
Այլ որոշումներ
 
Կառավարության որոշմամբ «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում ստեղծված գույքը ՝ 7,993,324,084 դրամ արժողությամբ ոռոգման, ջրամատակարարման համակարգերը, կնվիրաբերվի ՀՀ Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքներին:  Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամի միջև 2015 թ. սեպտեմբերի 3-ին ստորագրված համապատասխան  փոխառության համաձայնագրերի շրջանակներում: Արդյունքում կիրարկումը կապահովի վերոնշյալ մարզերում  կառուցված, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի շահագործումը և այդ  համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը:
Գործադիրի որոշմամբ գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թիվը սահմանվել է երկու: ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է, որ ներկայումս գործող գնումների բողոքարկման խորհրդի փոխարեն գնումների հետ կապված բողոքները քննելու են գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք, որոնք ունեն նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ: 
Հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը և փոփոխություններ ու լրացումներ կատարել ՀՀ  2018 թ. պետբյուջեում: Ըստ հիմնավորման՝ ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել ՀՀ և ԵՄ համախառն ներքին արդյունքների համամասնությամբ սահմանված գործակցի չափով: Ծրագրին մասնակցությունը հնարավորություն է տալիս հանրապետության կազմակերպություններին մաս կազմելու համաշխարհային մակարդակի  գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացմանը, ղեկավարելու այդպիսի խնդիրների լուծմանն ուղղված գիտական միջազգային համագործակցություններ, ինտեգրվելու  Եվրոպական հետազոտական և նորարական տարածք, ինչպես նաև այդ կազմակերպությունների համար հասանելի է դարձնում ժամանակակից գիտական ենթակառուցվածքները և կարող է դառնալ նաև լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր: 
Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել «Գերակա   ոլորտում  իրականացվող  ներդրումային   ծրագրի շրջանակներում  ներմուծված   տեխնոլոգիական սարքավորումները,  դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը  և նյութերը  ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԱԱՍ ինդուստրյա» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» որոշման մեջ:  Ընկերությանը տրամադրվել էր ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն: Ներկայումս ծրագրի իրականացման համար լրացուցիչ ապրանքներ ներմուծելու անհրաժեշտություն է առաջացել։
Գործադիրի որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ ոստիկանության «02. Հասարակական կարգի պահպանության ապահովում» և «04. ՀՀ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանություն» ծրագրերում: 
Նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է առևտրային մոլերի աշխատակիցների շրջանում տարածված այն լուրերին, որոնց համաձայն՝  կառավարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշում են  կայացրել, որ կրպակատերերը պետք է կրակմարիչներ գնեն և ձեռք բերեն: «Իհարկե դժվար է հասկանալ,  թե այսպիսի լուրերն ինչ ծագումնաբանություն ունեն, բայց ուզում եմ, որ մենք ևս մեկ անգամ հավաստիացնենք՝ առևտրային կենտրոններում հակահրդեհային անվտանգության  մակարդակը պետք է բարձրացվի, բայց դա որևէ կապ չունի անհատ ձեռներեցների վրա որևէ լրացուցիչ ծախս դնելու հետ: Մենք որևէ կրակայրիչ գնելու պարտադրանք չենք դնում»,-աել է կառավարության ղեկավարը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն