Նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը


Նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

  • 18-05-2018 16:49:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 18-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը:
 
Ողջունելով և շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԶԲ պաշտոնյան ներկայացրեց Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում բանկի կողմից իրականացվող գործունեությունը: 
 
Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին», Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) մայրուղու հիմնանորոգման ընթացքին։ 
 
Նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ պաշտոնը ստանձնելուց հետո այս կարճ ժամանակահատվածում հասցրել է որոշ չափով ծանոթանալ իրականացվող աշխատանքների ընթացքին։ Նա ընդգծեց, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը շատ կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար։ Հասարակության արձագանքը ճանապարհի կառուցման շուրջ միանշանակ չէ։ Ուստի, պետք է առավելագույն ջանքեր գործադրել, բեկումնային փոփոխություններ կատարել, որպեսզի ծրագիրը հաջողությամբ առաջ մղվի։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացիկ նախագծերի և ապագա ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք մանրամասներ։ 
Կողմերը հույս հայտնեցին, որ հետագա փոխգործակցությունը կլինի շարունակական և առավել արդյունավետ: 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն