Արայիկ Հարությունյանը Ռոբերտ Նազարյանին առաջարկել է ուսումնասիրություններ կատարել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում


Արայիկ Հարությունյանը Ռոբերտ Նազարյանին առաջարկել է ուսումնասիրություններ կատարել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում

  • 18-05-2018 17:43:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին մասնակցել է ՀՀ հանրային ծառայությունները և ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների համատեղ նիստին:
 
Պետական նախարարը, ողջունելով նիստի մասնակիցներին, նախ շնորհավորել է Բերձորի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ ավելի քան յոթ տասնամյակ արհեստական բաժանումից հետո Մայր հայրենիքի հետ Արցախի վերամիավորումը կարևոր իրադարձություն է հայության համար:
 
Ա. Հարությունյանը բարձր է գնահատել անցած տարիների ընթացքում երկու հանձնաժողովների կատարած համատեղ աշխատանքն՝ ընդգծելով, որ դրա արդյունքները լավագույնս արտացոլված են Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշներում: Հաշվի առնելով առկա արդյունավետ աշխատանքի փորձը՝ պետնախարարը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին առաջարկել է ԱՀ գործընկերների աջակցությամբ լայնածավալ ուսումնասիրություններ կատարել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում՝ պարզելու առկա սակագների հիմնավորվածությունը:
 
«Մեր հայրենակիցները հաճախ և պարբերաբար բողոքում են հեռահաղորդակցության ոլորտի խնդիրներից: Մասնավորապես, դժգոհության առիթ են հանդիսանում մատուցվող ծառայությունների որակը և դրանց դիմաց վճարվող սակագները: Այս խնդիրը վերջնականապես ու հիմնավոր լուծելու համար իշխանությունը վճռական է տրամադրված, և ես խնդիր եմ դնում ուսումնասիրել նաև կապի օպերատոր հանդիսացող ընկերության ղեկավարության այս կապակցությամբ արվող հիմնավորումները և մեզ տրամադրել ընթացիկ ժամանակաշրջանի օբյեկտիվ պատկերը, որպեսզի մեր կողմից կայացվեն համապատասխան և ճիշտ որոշումներ»,- ասել է Ա. Հարությունյանը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Արցախի հետ իրենց կառույցի համագործակցությունը բարձր գնահատելու համար՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանը նշել է, որ առաջարկը կիրականացնեն բարձր պատասխանատվությամբ:
 
«Եթե անհրաժեշտ է, երկարաժամկետ ընթացքով Արցախ կգործուղենք մեր մասնագետներին, որպեսզի ուսումնասիրություններն իրականացնեն պատշաճ և ժամանակին: Մեր խնդիրն է պաշտպանել ինչպես ներդրողի, այնպես էլ սպառողի շահերը և հավասարակշռել դրանք»,- նշել է Ռ. Նազարյանը:
 
-- 
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն