ԱՐԱՐԱՏ թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը


ԱՐԱՐԱՏ թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը

  • 18-05-2018 18:37:31   | Հայաստան  |  Մշակույթ

 
Մայիսի 19-ին` ժամը 18:00-ից մինչ կեսգիշեր, քաղաքի բնակիչները և մայրաքաղաքի հյուրերը կկարողանան անվճար այցելել ԱՐԱՐԱՏ թանգարան և ծանոթանալ հայկական կոնյակագործության դարավոր ժառանգությանը, ինչպես նաև բացահայտել վարպետության նոր եզրերը: 
Թանգարանի ավանդական ծրագրի հետ մեկտեղ այցելուները կկարողանան տեսնել ԵՐԵՎԱՆ կոնյակի հազվագյուտ հավաքածուի ժամանակավոր ցուցադրությունը, որի նմուշները հատուկ այս առիթի կապակցությամբ դուրս են բերվելու Երևանի կոնյակի գործարանի գանձարանից:
 
«Հայաստանի համար չափազանց կարևոր ժամանակահատվածում՝ մայրաքաղաքի հոբելյանի տարում, մենք չենք կարող շրջանցել այս պատմական իրադարձությունը և ուրախ կլինենք լայն հանրությանը ներկայացնել ԵՐԵՎԱՆ կոնյակների մեր բացառիկ հավաքածուն և մանրամասն պատմել դրանց ստեղծման պատմությունը», - նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն: 
ԵՐԵՎԱՆ կոնյակը բացառիկ է միջազգային կոնյակագործության պատմության մեջ: Ստեղծված լինելով 1947 թվականին անգերազանցելի վարպետ Մարգար Սեդրակյանի կողմից՝ այն իր ժամանակների բացարձակ նորարարությունն է, քանզի ի հակառակ գերիշխող կարծիքի, որ կոնյակի թնդությունը չի կարող գերազանցել 50%-ը, ԵՐԵՎԱՆ կոնյակի թնդությունը 57% է, ինչը յուրօրինակ ուժ է հաղորդում բազմաշերտ բույրին: 
Հայտնի լինելով Հյուսիսային բևեռ կատարված էքսպեդիցիաների ժամանակ իր կարևոր դերով՝ ԵՐԵՎԱՆ կոնյակը ստեղծվել է վարպետ Սեդրակյանի մտահաղացմամբ, որպեսզի հայկական ջերմությամբ և բնության առատաձեռնությամբ ջերմացնի բևեռագնացներին անգամ ամենասաստիկ ցրտի պայմաններում:  
«Գերհաղորդակցվող թանգարաններ» թեմայով այս տարվա ընթացող նախաձեռնության շրջանակներում ԱՐԱՐԱՏ թանգարանը ևս իր այցելուներին կներկայացնի հաղորդակցության նոր միջոց՝ ընդլայնված իրականության հնարավորություն: Երևանի կոնյակի գործարանի համար հատուկ ստեղծված “ARARAT Yerevan” հավելվածի օգնությամբ հյուրերը կկարողանան տեսնել ԱՐԱՐԱՏ թանգարանի ամենախորհրդավոր տեղը: 
Հավելվածը հասանելի կլինի հունիսից App Store և Google Play հարթակներում:
Նշենք, որ ԱՐԱՐԱՏ թանգարանը հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ