Երբ նվագում ես, երաժշտությունը հոսում է երակներովդ և վարակում անսպառ էներգիայով


Երբ նվագում ես, երաժշտությունը հոսում է երակներովդ և վարակում անսպառ էներգիայով

  • 18-05-2018 18:55:56   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մեր հայրենակից, ամերիկաբնակ տաղանդավոր DJ Ջիլբերի՝ համացանցում տեղադրված երգերը շատ արագ դառնում են հիթեր, ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների շրջանում և ապահովում հարյուր-հազարավոր դիտումներ: DJ Ջիլբերը դուետ կատարումներով հանդես է եկել բազմաթիվ հայտնի երգիչ-երգչուհիների հետ:  Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Երջանկության արցունքներ», «Արի, արի», «Սիրո նամակը», «Կյանք ջանը» և այլն: Դիջեյի մասնագիտության,  երաժշտական գործունեության, ինչպես նաև նոր մտահղացումների մասին զրուցել ենք DJ Ջիլբերի հետ:
 
Ե՞րբ ես սկսել գործունեությունդ՝ որպես դիջեյ
 
- Պրոֆեսիոնալ մակարդակով երաժշտական գործունեությամբ զբաղվում եմ 2009 թվականից: Ինձ համար օրինակ է ծառայել հայրս՝ DJ Գրեգը, ով 1980-ականներին Լոս Անջելեսի հայ առաջատար դիջեյներից էր, ում մոտ ուսանելու էին գալիս տասնյակ աշակերտներ: Ես էլ եմ եղել նրա աշակերտներից մեկը: Ի սկզբանե նպատակ եմ ունեցել իմ գործում դառնալ պրոֆեսիոնալ: Սկսեցի դաշնամուր նվագել սովորելուց: 
Ինչ վերաբերում է երաժշտական նախասիրություններիս, նշեմ, որ գրեթե բոլոր ոճերն էլ ինձ հոգեհարազատ են՝ փոփը, classic rock-ը, դասականը: Հաճախ փորձում եմ համատեղել  լատինական ու հայկական ազգային երաժշտության տարրերը։ Շատ եմ սիրում հին հայկական երգերը, որոնցում հնչում են մեր  ժողովրդական գործիքները՝ դուդուկը, քանոնը, շվին, թառը: 
Երաժշտական ուղիս մեկնարկել եմ հայ արտիստների հայտնի երգերի cover տարբերակների մատուցմամբ: Եվ առաջին փորձս Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտությունն է, որն ինձ մեծ հաջողություն բերեց: 
 
Ասում են` երգ-երաժշտություն ստեղծելու համար մուսա է պետք: Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը
 
-Էմոցիան, տրամադրությունը. երբեմն իմ մտքերում հետաքրքիր գաղափարներ են ծնվում, ես էլ ուզում եմ դրանք փոխանցել իմ ունկնդիրներին: Որքան հույզեր, զգացողություններ և կրակ կա ներսումս, ինքնըստինքյան արտահայտվում են երաժշտության միջոցով:
 
Իսկ ի՞նչ է երաժշտությունը Ձեզ համար
 
-Ապրելու համար մարդ պետք է ունենա սեր կյանքի նկատմամբ: Եթե սիրում ես, ուրեմն երջանիկ ես: Երաժշտությունը  սեր է, հոգու  ներդաշնակություն: Եթե նկատել եք, իմ ստեղծագործությունները հիմնականում սիրո մասին են:
 
Տեղյակ ենք, որ Դուք սովորել եք Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Բիզնես էկոնոմիկա բաժնում և այնուհետև որոշ ժամանակ աշխատել Ձեր մասնագիտությամբ: Ինչպե՞ս որոշեցիք տնտեսագետի աշխատանքը փոխարինել դիջեյի աշխատանքով
 
- UCLA համալսարանում սովորել եմ 2011-2014 թվականներին: Ուսանելուս տարիներին միաժամանակ և՛ սովորում էի, և՛ աշխատում: Ինքս էի վճարում իմ ուսման վարձը, ինչպես գիտեք, Ամերիկայում ուսումը բավականին թանկ է:
 Համալսարանն ավարտելուց հետո սկսեցի զուգահեռ աշխատել և՛ որպես ֆինանսիստ, և՛ որպես DJ:  Չնայած շատ արագ հասկացա, որ այդպես սխալ է. պետք է ամբողջությամբ նվիրվել մի գործի։ Եվ քանի որ ինձ առավել հոգեհարազատ է երաժշտությունը, ընտրեցի ստեղծագործական ոլորտը:
 
Դիջեյ լինելը Ձեզ համար մասնագիտությո՞ւն է, թե՞ ապրելակերպ
 
-Ապրելակերպ: Ես նույնիսկ մեկ օր ինձ չեմ պատկերացնում առանց երաժշտության:  Երբ նվագում ես, երաժշտությունը հոսում է երակներովդ և քեզ ու ներկաներին վարակում անսպառ էներգիայով:
 
Իսկ ակումբային երաժշտությունից առաջացող աղմուկը շա՞տ է Ձեր կյանքում
 
-Ես փորձում եմ փրկել ականջներս (հեղ. - կատակում է):
 
Ջիլբեր, չնայած երկար տարիներ ապրում եք արտերկրում, Դուք շատ լավ տիրապետում եք հայերենին, ինչը բավականին ողջունելի է
 
-Մեկ տարի շարունակ հաճախել եմ հայոց լեզվի դասերի: Ես մեծ ցանկություն ունեի սովորել հայերեն, քանի որ դա իմ մայրենի լեզուն է:  Տիրապետում եմ նաև ռուսերենի: Կարևոր է, որ մարդ իմանա օտար լեզուներ, սակայն մայրենի լեզվի տիրապետումը պարտադիր է: 
Հայերենն աշխարհի ամենագեղեցիկ ու շքեղ լեզուներից է, որը համախմբում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերին: Մեզ բոլորիս միավորում է մեր լեզուն, հայրենասիրությունը, միասնականությունը, հայի ինքնությունը:
 
Պարբերաբար լինում եք Երևանում, ինչպիսի՞ն է քաղաքը Ձեր աչքերում, արդյո՞ք նկատում եք դրական փոփոխություններ
 
- Հայաստանն աստվածային երկիր է, իսկ հայը հյուրասեր, ջերմ, արարող, աշխատասեր ազգ է: Առաջին անգամ Հայաստանում եղել եմ 2007 թվականին, որից հետո պարբերաբար այցելել եմ: Կարելի է ասել՝ կարոտն է ինձ անընդհատ կանչում:
Ինքդ քո հետ մնալու, խորհելու քաղաք է Երևանը: Հարազատ դեմքերն այստեղ շատ են:
Տարիների ընթացքում մեր մայրաքաղաքը շատ է գեղեցկացել, մարդկանց դեմքին ժպիտները շատացել են: 
 
Ինչո՞վ եք զբաղվում  դիջեյությունից  բացի
 
-Ֆիթնեսով, այն ինձ համար դարձել է օդ  ու ջրի պես մի բան: Ես այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է վարի առողջ ապրելակերպ: Առողջությունը իրենից ենթադրում է նաև գեղեցկություն:
Ես նաև սիրում եմ առողջ սնվել: Հաճախ ինքս եմ պատրաստում իմ նախաճաշը՝ իմպրովիզներ անելով:
 
Հետաքրքիր է՝ հայկական խոհանոցին ծանո՞թ եք
 
-Իհարկե, քանի որ ես ապրում եմ հայկական ավանդական ընտանիքում: Մեր ազգային ուտեստներից կառանձնացնեմ դոլման, գիտեմ պատրաստման եղանակը, բայց անձամբ երբեք չեմ փորձել եփել:  
 
Ամփոփելով կցանկանայինք տեղեկանալ՝ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք երաժշտական բնագավառում
 
- Այժմն cover-ներից բացի մտադիր եմ նոր երգեր հեղինակել: Հենց այս մտորումներով էլ վերջերս գրեցի «Կյանք ջան»-ը: Երգը սիրո մասին է, այն ներկայացնում է բաժանված սիրահար զույգի առօրյա կյանքը, տառապանքն ու պատահական հանդիպումը:  
Ապրելով օտար հողում՝ ես շատ եմ կարևորում Հայաստանի հետ կապը, հայրենիքիս համար արվող յուրաքանչյուր գործ ինձ համար մեծագույն պարտականություն է, ուստի որոշեցի համագործակցել մեր հայրենակիցների հետ և տեսահոլովակի նկարահանումներն իրականացրեցինք Երևանում: Ընդհանրապես, ինձ դուր է գալիս աշխատել հայ արտիստների հետ՝ նրանց հետ շփումներում հայկական շունչն եմ զգում:
Առաջիկայում ծրագրերս շատ են: Պատրաստվում եմ նոր գործեր գրել թե´ հայ, թե´ օտարերկրյա արտիստների հետ, դրանից բացի սպասվում են նաև նոր ձայնասկավառակներ, նոր որակ: Այս պահին իմ ամենամեծ ցանկությունը Սայաթ-Նովայի ստեղծագործություններից որևէ մեկը նորովի ներկայացնելն է: Հայ մեծանուն աշուղի երգն ու երաժշտությունը ինձ հմայել են դեռ մանկուց:  
Այդպիսի նախագծերը շարունակական են լինելու, քանի որ դրսում հայկական մշակույթն ավելի ճանաչելի դարձնելու մտադրություն ունեմ` թեկուզ էլեկտրոնային ռեմիքս տարբերակներով:
 
Երաժշտական արվեստում այն նշաձողը, որին ձգտում եք հասնել
 
 -Ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր երաժշտասերները գնահատեն և սիրեն իմ ստեղծագործությունները: Լավ հասկանում եմ, որ այս ամենին հասնելու համար քրտնաջան աշխատանք է հարկավոր: 
Ինձ համար դիջեյությունն արվեստ է, իսկ դիջեյն` արտիստ, որին մարդիկ  վստահում են իրենց երաժշտական ճաշակը: Եվ ես իմ պարտքն եմ համարում արդարացնել նրանց սպասելիքները:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն