Արայիկ Հարությունյանը մասնակցել է Գետավանի նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը


Արայիկ Հարությունյանը մասնակցել է Գետավանի նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը

  • 19-05-2018 12:47:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի բացման միջոցառմանը մասնակցում էր նաև Հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում էին 19 երկրներում գործող տեղական մարմինների ատենապետերը և ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
 
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել բարերարներին աջակցության համար՝ նշելով, որ Գետավանի համայնքային կենտրոնը շատ պահանջված էր համայնքի բնակչության համար: Ա. Հարությունյանն ընդգծել է, որ ինչպես Գետավանը, այնպես էլ վերջերս շահագործման հանձնված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա գտնվող մյուս բնակավայրերը, նկատելի առաջընթաց են ապրում, և տարածաշրջանի զարգացումը շարունակելու է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում: 
 
«Շատ ուրախալի է, որ Արցախի զարգացման ծրագրերի մեծ մասին ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, իրենց կարևոր մասնակցությունն են ունենում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Այդ աջակցությունն արտահայտված է ոչ միայն ֆինանսական ներդրումներով, այլև հաճախակի Արցախ այցելելով, բարոյական ու մասնագիտական աջակցությամբ»,- ասել է Ա. Հարությունյանը: 
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը իր ելույթում շնորհակալություն է հայտնել Արցախի կառավարությանն արդյունավետ համագործակցության համար և նշել է, որ արդեն ավանդական դարձած այցի նպատակն է բարերարներին ծանոթացնել այն նախագծերին, որոնք Հիմնադրամի միջոցներով իրականացվում են Արցախի տարբեր բնակավայրերում: Նրա խոսքով՝ նման այցերը լավագույն միջոց են մեկ անգամ ևս համոզվելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության մեջ և, դրանով պայմանավորված, Արցախի բարեկեցիկ ապագայի կառուցմանը նպաստելու գործում:
 
Նշենք, որ Գետավանի համայնքային կենտրոնն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ: Շենքը կահավորվել է և ունի ջեռուցման ու օդափոխության համակարգ: Գետավանի գյուղապետարանը նախկինում գործել է դպրոցի դասասենյակներից մեկում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play