Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարին և տվել հանձնարարականներ


Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարին և տվել հանձնարարականներ

  • 19-05-2018 17:28:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության սպայական կազմի հետ:
 
Խորհրդակցությանը նախարար Ռոստոմյանը հայտնել է, որ ՓԾ տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է և ՓԾ տնօրենի գործառույթները ժամանակավորապես կկատարի տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Վերջինիս ներկայացնելով՝ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց.
 
- Վստահ եմ, որ Դուք ձեր աշխատանքով նոր էջ կբացեք փրկարար ծառայությունում, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն; Մենք պարտավոր ենք ունենալ լիարժեք աշխատող, թափանցիկ համակարգ: Այսօր ստեղծվել է լայնածավալ ստուգումներ իրականացնող հանձնաժողով, և խախտումներ թույլ տված աշխատակիցները կպատժվեն:
 
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հանձնարարեց ավելի շատ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելման միջոցառումներին՝ նշելով, որ տարեցտարի աճող հրդեհների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ոլորտում շատ անելիքներ կան: Մասնավորապես հանձնարարվեց 10-օրյա ժամկետում ներկայացնել անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման պլանի օրինակելի ձևը հաստատելու մասին հրամանի նախագիծ և ՀՀ տարածքում զանգվածային կուտակման վայրերում իրականացվող ուսումնավարժությունների պլան-ժամանակացույցն ու նախկինում անցկացված վարժանքների ընթացքում հայտնաբերված թերությունները:
 
Հ. Ռոստոմյանը հանձնարարեց նաև առաջարկություններ ներկայացնել ՓԾ կառուցվածքային փոփոխությունների ու համազգեստի որակի բարելավման վերաբերյալ, որոնք ուղղված կլինեն համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: ԱԻ նախարարը շեշտեց, որ փրկարար ծառայողներին պատշաճ և որակյալ համազգեստով ու նյութատեխնիկական միջոցներով ապահովելու գործընթացը լինելու է անձամբ իր վերահսկողության ներքո, ինչպես նաև՝ հորդորեց խստիվ պահպանել սպայական կոչումների ու պարգևների շնորհման կարգը, արագացնել ծառայողական քննությունների ընթացքը և հաշվետվություններ պատրաստել նյութական միջոցների շարժի վերաբերյալ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն