Ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավը շարունակվում է
21-05-2018 15:17:34 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելու, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի ողջ տարածքում շարունակվում է ՀՀ արդարադատության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության համատեղ ջանքերով իրականացվող ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավը:
Հանրային իրազեկման արշավի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը «Ազդարարման մասին» ՀՀ օրենքի, դրանով կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ հայտնող անձանց համար նախատեսված երաշխիքների, անանուն ազդարարման հնարավորության մասին: Իրազեկման արշավի շրջանակներում Հանրապետության միջպետական ճանապարհներին և Երևան քաղաքում փակցվել են ազդարարումը խրախուսող պաստառներ:
Միաժամանակ, ազդարարման նկատմամբ դրական վերաբերմունք սերմանելու նպատակով նկարահանվել են հոլովակներ՝ հայտնի անձանց և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերջիններս ցուցադրվում են հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքներով: