Մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրին


Մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրին

  • 22-05-2018 16:08:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սիրելի՛ Շառլ Ազնավուր,
 
Մեր ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Ձեր կյանքը և գործունեությունը մարդկային տաղանդի, կամքի, աշխատասիրության հաղթանակի բացառիկ օրինակ են, որը ոգեշնչել և ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց՝ ամբողջ աշխարհում: Հայաստանի կյանքում տեղի ունեցող շրջադարձային փոփոխությունների այս ժամանակահատվածում Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է, որովհետև ապացուցում է, որ մարդկային կամքն ու հետևողականությունը չեն ճանաչում արգելքներ, և ցանկացած նպատակ հասանելի է, եթե ունես երազանք, վստահություն, համբերություն և հավատ: 
 
Սիրելի՛ Շառլ Ազնավուր,
 
Հենց այսպիսի հատկանիշների շնորհիվ մեր ժողովուրդը վերականգնեց իր իշխանությունը 2018 թվականի ապրիլ-մայիսին: Եվ մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում: Մենք անհամբեր ենք, որ Դուք սեփական աչքերով տեսնեք և համոզվեք, որ Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը հաղթել է և կերտել սեփական տաղանդի, կամքի, աշխատասիրության, երազանքի հաղթանակը: 
Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ եմ մաղթում: Հայրենիքին մատուցած Ձեր անուրանալի ծառայությունները ջերմացրել և ջերմացնում են բոլորիս: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն