Ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» նախագծի մեկնարկը.ԿԳՆ


Ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» նախագծի մեկնարկը.ԿԳՆ

  • 22-05-2018 16:13:01   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Երիտասարդների զարգացում» նախագիծը, որի շրջանակում այսօր կազմակերպված  «Կյանքի հմտություններ» մեկօրյա դասընթացին մասնակցել է շուրջ 300 երիտասարդ:
 
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը՝  շնորհակալություն հայտնելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանը՝ վերոնշյալ նախաձեռնության համար: «Կրթության և գիտության նախարարությունը կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ չի կարող լինել որակյալ կրթություն՝ առանց բիզնեսի հետ համագործակցության: Նախարարությունը նաև խրախուսում է այսպիսի նախաձեռնությունները, որովհետև կադրերին միշտ ընտրում է գործատուն: ԿԳՆ-ի դերակատարումը միայն նրանում է, որ հնարավորինս որակյալ կրթություն ապահովի, բայց կադրերի ուղղորդումը և վերապատրաստումն արդեն գործատուի միջոցով է իրականացվում:  Տեսնում եմ՝ ինչպես են  երիտասարդները ոգևորված, որն առավել քան ոգևորիչ է նաև նախարարության համար»,-նշել է Նաիրի Հարությունյանը՝ երիտասարդներին մաղթելով հաջողություն:
 
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքի խոսքով՝ ներկա երիտասարդներն արդեն իսկ հաղթողներ են, որովհետև նրանք հոգ են տանում իրենց ապագայի մասին: «Վստահ եմ, որ այսօր հաջողված օր է լինելու, քանի որ ձեռք եք բերելու բազմաթիվ գիտելիքներ և բացահայտելու՝ ինչպիսի ապագա եք ցանկանում: «Երիտասարդների զարգացում» նախագիծը «Կոկա-Կոլա Հելլենիկ Խմբի» գլոբալ ծրագրերից է, որն իրականացվում է այն 28 երկրներում, որտեղ ընկերությունը գործունեություն է ծավալում։ Ընդհանուր առմամբ մինչև 2020թվականը նախատեսվում է մասնակիցների թիվը հասցնել 500000-ի։ Աշխարհում և հատկապես Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը գործազրկությունն է, որին հիմնականում երիտասարդներն են առնչվում: Մի կողմից, իհարկե, առկա է գործազրկություն, բայց մյուս կողմից կան մեզ նման ընկերություններ, որոնք փնտրում են կադրեր: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մենթորներին, ովքեր հավատում են ձեզ և այս երկրի ներուժին»,-ընդգծել է նա:
 
Միջոցառման ընթացքում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև: Նշենք, որ երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանն ուղղված եռամյա այս ծրագրի շրջանակում Հայաստանում առաջին տարվա ընթացքում նախատեսվում է աջակցել ավելի քան 2000 երիտասարդի, ընդ որում՝ 1600-ը մարզերից՝ մինչև 2020 թվականն այդ թիվը հասցնելով 8000-ի։ «Երիտասարդների զարգացում» ծրագրի առաջին փուլում մասնակիցները ձեռք կբերեն ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այնուհետև պրոֆեսիոնալ մենթորներից կսովորեն ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն: Բացի Երևանից, դասընթացներ կանցկացվեն նաև ՀՀ Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում: Շիրակի մարզում «Կյանքի հմտությունների» առաջին դասընթացն արդեն կազմակերպվել է, որին մասնակցել է 128 երիտասարդ: Մարզային դասընթացների հաջորդ կանգառը Լոռին է:  «Երիտասարդների զարգացում» ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաև կազմակերպչական բոլոր աշխատանքներն իրականացնում և համակարգում է «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն