Գեղհովիտի ու Եղեգիսի բնակիչները հորդորում են իշխանություններին փրկել Ագրիճա և Եղեգիս գետերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22-05-2018 16:26:45 | Հայաստան | Հասարակություն
Գեղհովիտ, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն և Եղեգիս գյուղերի բնակիչները հորդորում են նոր իշխանություններին անհապաղ փրկել Եղեգիս և Ագրիճա գետերը: Նրանք պատրաստվում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել:
Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆերմեր Տիգրան Եղոյանը, ով արդեն 3 տարի է, ինչ պարբերաբար մամուլով բարձրաձայնում է Վայոց ձորի տարածքում՝ Եղեգիս գետի վրա կառուցաված 19 ՀԷԿ-երի և դրանց գործունեության հետևանքով ջրազրկված գյուղատնտեսական հողերի խնդրի մասին:
Ըստ նրա՝ վերոնշյալ համայնքներում ՀԷԿ-երի հետ կապված խնդիրն օրհասական է, քանի որ Եղեգիսում ներկայումս պատրաստվում են ևս 4 ՀԷԿ կառուցել, իսկ Գեղհովիտի բնակչությանը պատկանող 120 հեկտար սեփականաշնորհված խոտհարքերը ՀԷԿ-երի տարածքում առկա պալատինայի պատճառով անցել են ջրի տակ, մինչդեռ հենց գյուղերում մարդիկ զրկված են իրենց հողերը ոռոգելու հնարավորությունից:
«Մարտունու շրջանի Գեղհովիտ համայնքից ահազանգ ենք ստացել այն մասին, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի տխրահռչակ եղբայր Սաշիկ Սարգսյանին պատկանող ՀԷԿ-ը «խժռում» է Ագրիջա հսկա գետը, որը ձկնառատ է, և որը թափվում է Սևան: Հիմա հարց է առաջանում, որտե՞ղ են մեր բնապահպանները, որտե՞ղ են պատկան մարմինները»,- հարցադրումներ արեց Տ. Եղոյանը:
Վերջինիս խոսքերով՝ իրենց չի մտահոգում, թե կոնկրետ ովքեր են ՀԷԿ-երի սեփականատերերը, այլ մտահոգում է այն փաստը, որ նշյալ գետերը ցամաքել են՝ մեծ վնաս հասցնելով գյուղացիներին:
Ֆերմերի պնդմամբ՝ ՀԷԿ-երի կառուցման ողջ գործընթացում՝ սկսած համապատասխան թույլտվությունից մինչև անվտանգության կանոններ, առկա են կոռուպցիոն լուրջ վտանգներ:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այստեղ թաքնված կոռուպցիա կա: Հրավիրում եմ ԱԱԾ-ի, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների հատուկ ուշադրությունը»,- ընդգծեց Տ. Եղոյանը՝ շեշտելով, որ գյուղացին չի կարող սպասել: