Հասարակական խորհրդի նիստ՝ ուղղված հասարակական կազմակերպությունների առաջարկները Կառավարության նոր ծրագրում ներառելուն


Հասարակական խորհրդի նիստ՝ ուղղված հասարակական կազմակերպությունների առաջարկները Կառավարության նոր ծրագրում ներառելուն

  • 22-05-2018 16:55:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ  մայիսի 21-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները Կառավարության նոր ծրագրում ներառելու հարցը: 
        Նիստին մասնակցել են նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը, Վիգեն Քոչարյանը, Արտակ Ասատրյանը, երկու տասնյակը գերազանցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
        Նախարար Զեյնալյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ Արդարադատության նախարարությունը Խորհրդի անդամներից ակնկալում է առաջարկություններ, որոնք պետք է քննարկվեն և ընդգրկվեն Կառավարության նոր ծրագրում:
        Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարության նոր ծրագիրը 2018-2022 թվականներին է ուղղված լինելու և պարզաբանել, որ իրավական առումով այլ հնարավորություն տրված չէ՝ չնայած որ նախատեսվում է հնարավորինս շուտ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի պարզ լինի  օրենսդիր մարմնի իրական պատկերը և որ գործադիր իշխանությունն էլ արտահայտի ժողովրդի կամքը:
Հասարակական խորհրդի անդամները  առաջարկներ են ներկայացրել՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը,  քրեակատարողական հիմնարկների, դատապարտյալների պահպան պայմանների, նրանց առողջության պահպանման, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի, Պրոբացիոն ծառայության բարելավմանը: 
Հնչել են նաև կարծիքներ ՀՀ ընտրական օրենսգրքում, «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել դիտորդական  ինստիտուտի և գրավի  ինստիտուտի բարելավմանը,  դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը և այլ հարցերի:
 Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրացված առաջարկները սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել Արդարադատության նախարարություն:
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն