ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի պաշտոնակատարը վիճաբանել և հարվածել է համալսարանի վարորդին և ազատման դիմում գրել


ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի պաշտոնակատարը վիճաբանել և հարվածել է համալսարանի վարորդին և ազատման դիմում գրել

  • 22-05-2018 18:11:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սույն հրապարակմամբ  ցանկանում ենք պարզաբանում մտցնել  ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին՝ հատկապես, որ իրողության վերաբերյալ տարածվում է ապատեղեկատվություն:
 
14.05.2018թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի է ունեցել միջադեպ: Համալսարանի վարորդ Միհրան Պապիկյանը մեքենայով այցելել է քոլեջ, հսկիչը նրան զգուշացրել է մեքենան տարածքից դուրս բերել, որ իր վրա չբարկանան: Վարորդը անմիջապես մեքենան դուրս է բերել քոլեջի տարածքից և այցելել քոլեջի տնօրենին՝ խնդրելու իր պատճառով չբարկանալ հսկիչի վրա: Սերգեյ Խառատյանի սենյակում տեղի է ունեցել վիճաբանություն: Միջադեպը շարունակություն է ունեցել արդեն համալսարանում, ինչի մասին ահազանգել է համալսարանում պահնորդական ծառայություններ  իրականացնող «ՍԻԼԵՐ» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանը, ում կողմից տրված տեղեկատվության համաձայն՝  համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Խառատյանը և համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հ. Հարությունյանը վիճաբանել են և հարվածել համալսարանի վարորդ Մ.Պապիկյանին: Ծեծկռտուքը կանխվել է «ՍԻԼԵՐ» ՍՊԸ անվտանգության աշխատակից Ա.Համբարձումյանի կողմից:
        Այս ամենից հետո համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Խառատյանը 18.05.2018թ. ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում՝ ի դեպ, անձնակազմի կառավարման բաժնում խնդրելով անհապաղ ընթացք տալ իր դիմումին:
 
      Միաժամանակ, ներկայումս Ս.Խառատյանի նախաձեռնությամբ,  իր մտերիմների միջոցով  քոլեջի մուտքը փակել են՝  իրեն որպես տնօրեն հետ բերելու պահանջով, ինչի հետևանքով 18.05.2018թ.-ից քոլեջի բնականոն գործունեությունը խաթարվել է:
 
Ս. Խառատյանը դրսևորել է կրթական հաստատության ղեկավարին ոչ պատշաճ վարքագիծ, ինչի գիտակցումով էլ, հավանաբար, ներկայացրել է ազատման դիմում: Անհասկանալի է այժմ նրա մտերիմների միջոցով իրականացվող բեմականացման պատճառը և այն կեղծ ահազանգերը, որոնցով նրանք դիմում են լրատվամիջոցներին՝ ներկայացնելով իբր թե չգիտեն քոլեջի տնօրենի պաշտոնակատարի ազատման պատճառը:
Որպես կանոն՝ ՀՊՏՀ ղեկավարությունը զուսպ է նման լուրերին արձագանքելու հարցում, այս դեպքում ևս ցանկալի չէր ցավալի միջադեպի հրապարակայնացումը, սակայն, ցանկանում ենք ընդգծել, որ անընդունելի է փաստերի աղավաղմամբ նման ապատեղեկատվության տարածումը քոլեջի տնօրենի պաշտոնակատարի մտերիմների կողմից:
Քոլեջի ղեկավարի հանցավոր արարքի պատճառով հեղինակազրկվում է համալսարանը և քոլեջը, որոնք, որպես կրթական հաստատություն, իսկապես այս ընթացքում լուրջ հաջողություններ են արձանագրել:
 
Միջադեպի վերաբերյալ ներկայացվածը հավաստելու համար կցում ենք վարորդի բացատրագիրը, պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության տնօրենի նամակը, ինչպես նաև Սերգեյ Խառատյանի դիմումը:
 
Ի դեպ, ՀՊՏՀ ղեկավարությունը պատրաստվում է սույն նյութերը ներկայացնել ՀՀ ոստիկանություն՝ սահմանված կարգով ընթացք տալու համար: ՀՊՏՀ ղեկավարությունը այս մասին պատշաճ կարգով կտեղեկացնի նաև ԿԳ նախարարությանը:
 
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն