ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր բուժքույրերը վերապատրաստվելու են տիպ 1 շաքարային դիաբետի մասով. ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր բուժքույրերը վերապատրաստվելու են տիպ 1 շաքարային դիաբետի մասով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 22-05-2018 18:13:38   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր՝ 1250 բուժքույրերը վերապատրաստվելու են տիպ 1 շաքարային դիաբետի մասով: 
 
Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Երազ» բարեգործական հիմնադրամի նախագահ Կարինե Մխիթարյանը: 
 
Ըստ նրա՝ բուժքույրերի վերապատրաստումն իրականացվելու է նախորդ ամիս մեկնարկած «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և տևելու է մեկ տարի: 
 
«Բազմիցս բարձրաձայնել ենք, որ ունենք հոգեբանական խնդիրներ թե շաքարային դիաբետ ունեցող երեխաների, թե նրանց ծնողների մոտ: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն աջակցման խմբեր, և հոգեբանները կաշխատեն նրանց հետ»,- նշեց Կ. Մխիթարյանը՝ հավելելով, որ խնդիրներ կան նաև սոցիալական ապահովագրության հետ կապված, ուստի աջակցման խմբերի շրջանակներում կտրամադրվի իրավախորհրդատուի աջակցություն: 
 
Նրա խոսքերով՝ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների խնդիրը Հայաստանում լուրջ առողջապահական մարտահրավեր է հասարակության համար, հետևաբար Կ. Մխիթարյանն անկալում է, որպեսզի համապատասխան գերատեսչությունները՝ անկախ ղեկավար կազմից, իրենց քաղաքականությունը վարեն ի նպաստ այդ խնդիրների լուծման և շաքարային դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակի բարելավման: 
 
«Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագրի ղեկավարի փոխանցմամբ՝  վերջին տվյալներով ՀՀ-ում մոտ 545 շաքարային դիաբետ ունեցող երեխա կա, որից 540-ն ընդգրկված են վերոնշյալ ծրագրում. «Միայն այս ծրագրում ներգրավված չեն Արցախի և Ջավախի երեխաները»: 
 
Կ. Մխիթարյանն ընդգծեց, որ Առողջապահության նախարարության հետ իրենց հիմնադրամը շարունակում է արդյունավետ համագործակցել, ինչի արդյունքում այսօր շահառու բոլոր երեխաները անվճար ստանում են որակյալ ինսուլին, ինսուլինային անալոգներ և մեկ տուփ թեստերիզներ: 
 
Լրագրողի այն հարցին, թե շաքարային դիաբետի կառավարման ժամանակակից մեթոդները՝ օրինակ պոմպերը որքանով են կիրառելի ՀՀ-ում՝ Կ. Մխիթարյանը նկատեց, որ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների ընտանիքների 80 տոկոսը սոցիալապես անապահով է, իսկ ֆինանսական միջոցները դեռևս չեն բավարարում, որպեսզի այդ երեխաներին անվճար պոմպեր տրամադրվեն: 
 
Բանախոսը փաստեց, որ շուկայում պոմպերն արդեն իսկ վաճառվում են, և դրանց արժեքը տատանվում է 1000 ԱՄՆ դոլարի շրջանակներում, ինչը անհասանելի է սոցիալապես անապահով ընտանիքների համար: 
 
Անդրադառնալով «Երազ» բարեգործական հիմնադրամի կողմից ամեն տարի հունիսի 1-ին շահառու երեխաների համար կազմակերպվող միջոցառումներին՝ Կ. Մխիթարյանը տեղեկացրեց, որ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական էնդոկրին դիսպանսերի հետ համատեղ այս տարի ևս ուրախ միջոցառում կանցկացվի, նաև երեխաները կհաճախեն ամառային ճամբար: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն