Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ


Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

  • 22-05-2018 19:04:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
Նիստում քննարկվել է երկու հարց: Գործադիրը սահմանել է նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը: ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և ՀՀ նախարարություններին ենթակա մարմինները: Հիմնավորման համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակում և ապահովում է  նախարարության իրավասությանը վերապահված գործունեության առանձին ուղղությունների իրականացումը:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկել է փոփոխություն կատարել նախագծում և  Պետական գույքի կառավարման կոմիտեն սահմանել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը  ենթակա մարմին՝  ՀՀ ֆինանսների նախարարության փոխարեն:  Առաջարկությունը նիստում ընդունվել է:
 
Կառավարությունը սահմանել է նաև պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը: Ըստ այդմ՝ սահմանվել են  նախարարության, կառավարությանը, վարչապետին և նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունների օրինակելի ձևերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կառավարության անդամներին 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները:  
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն