Ամբողջական ժողովրդավարության հասնելու համար պետք է սկսել ՏԻՄ-երից. Սուրեն Պապիկյան

22-05-2018 19:19:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ԵԽ աջակցությամբ իրականացվող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի ղեկավար Տաթևիկ Դավթյանին, «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը»  ծրագրի ղեկավար Լիանա Աղաբեկյանին և գրասենյակի ղեկավարի օգնական Աննա Սահակյանին։ 
 
 Ողջունելով ԵԽ գործընկերներին` նախարար Պապիկյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված ավանդական համագործակցությունը և նշել, որ նախարարությունը պատրաստ է կուտակված փորձը հարստացնել համագործակցության նոր ձևաչափերով։ «Հայաստանում ձևավորված քաղաքական նոր իրավիճակը լայն հնարավորություններ է ստեղծում Եվրոպայի խորհրդի հետ նոր որակի համագործակցություն ապահովելու համար։ Մեր կառավարության առաջ ծառացած է մի կարևորագույն խնդիր` դա նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն է, որի հարցում ԵԽ-ի աջակցությունը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է նախարարը։ Սուրեն Պապիկյանը հավելել է նաև, որ ընտրական օրենսդրության մեջ սպասվող փոփոխությունները հիմք կհանդիսանան Հայաստանում անցկացնել նոր որակի ընտրություններ և հույս հայտնել, որ այդ հարցում կարող են ակնկալել ԵԽ-ի աջակցությունը։
 Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար և շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ընդգծել է, որ ՏԿԶՆ-ը կարևոր գործընկեր է ինչպես ԵԽ-ի, այնպես էլ ԵԽ երևանյան գրասենյակի համար։ Նատալյա Վուտովան կարևորել է ԵԽ աջակցությամբ գործող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» և «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրերի  հաջող ընթացքը ու նշել, որ տեղական ժողովրդավարության որակն առանցքային նշանակություն ունի իրենց համար։  «Մենք ակտիվորեն աջակցում ենք տեղական իշխանություններին, գերատեսչություններին օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի մշակման գործում՝ կարևորելով տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող պաշտոնյաների կարողությունների զարգացումը»,- ամփոփել է նա։ Միաժամանակ Նատալյա Վուտովան տեղեկացրել է, որ ԵԽ-ը նախատեսում է տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված  գործողությունների մեկ այլ՝ քառամյա ծրագիր։ 
 Նախարար Պապիկյանը վերահաստատելով այն մոտեցումը, որ տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են ժողովրդավարության հենասյունը, ընդգծել է, որ ամբողջական ժողովրդավարության հասնելու համար պետք է սկսել ՏԻՄ-երից։ 
Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ կարևորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ  առաջիկայում նախատեսվող  Ընտրական  օրենսգրքի փոփոխությունների  գործընթացում կարող են ապավինել ԵԽ-ի օժանդակությանը: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 306 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար