Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ


Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ

  • 23-05-2018 11:18:23   | Հայաստան  |  Իրավունք

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը  մայիսի 21-ին մասնավոր հատվածի կողմից արձանագրված կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկում է ունեցել մասնավոր ոլորտի  ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում:
 
Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը կարևորել է պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը՝ պետության կողմից դրանց ուղղված լուծումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու համար: Այս համատեքստում փոխնախարար Քրմոյանը հանդիպման մասնակիցներին հորդորել է գաղափարներ ներկայացնել Արդարադատության նախարարություն, որոնք համատեղ քննարկման և ջանքերի շնորհիվ առաջիկայում կյանքի կկոչվեն:
Սուրեն Քրմոյանը որպես հաջողված օրինակներ նշել է պետական ծառայությունների մատուցման ոլորտում վերջին տարիներին ներդրված մի շարք նորարարական լուծումները, որոնց առկայությունը ոչ միայն գործնականում բացառել է կոռուպցիոն դրսևորումներն այդ հատվածում, այլ նաև էականորեն կրճատել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համար պահանջվող ժամանակը:
Այնուհետև հաջորդել է մտքերի փոխանակություն քննարկման մասնակիցների միջև, իսկ հանդիպման ավարտին ձեռք է բերվել պյամանավորվածություն՝ մշակված առաջարկներով կրկին հանդիպելու վերաբերյալ:
Միաժամանակ, Սուրեն Քրմոյանը նշել է, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, պարբերաբար կազմակերպվելու են նմանատիպ քննարկումներ տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ:
  ՀՀ արդարադատության նախարարությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կոչ է անում կոռուպցիայի նվազեցմանն ուղղված նորարական առաջարկների, գործուն լուծումների առկայության դեպքում բարձրաձայնել՝ հետևյալ հղմամբ հարցաշարը լրացնելու և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու միջոցով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeGXvT0Vap8qXrVKcYJWrBzCdvTXjdHipYIa2AFV6MD1OUSnQ/viewform?entry.1437911244&entry.1217643669&entry.1049707370&entry.434180485 :
           
 
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք