Արդարադատության նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վստահելի խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված հարցեր


Արդարադատության նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վստահելի խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված հարցեր

  • 23-05-2018 16:23:24   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Դեսպանը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ընդհանրապես և հատկապես այս փուլում ԱՆ-ն Կառավարության ամենաառանցքային կառույցն է՝ պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ՀՀ ընտրական օրենսգրքում  բարեփոխումներ իրականացնելով, դատական համակարգը բարեփոխելով և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներով: Այդ համատեքստում դեսպան Քիսլերը Գերմանիայի կառավարության անունից աջակցության է հայտնել նախարարին նշված գործընթացները բարեհաջող իրականացնելու համար: 
 
Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին    պատրաստակամության համար և նշել, որ նոր կառավարությունը վճռական է կյանքի կոչելու հասարակության սպասելիքները՝ որքան հնարավոր է արագ և որակով: Այդ առումով նախարարը կարևորել է վստահելի, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են դատաիրավական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարում նոր մեխանիզմների ներդմանը, ինչպես նաև քննարկել պետական ծառայությունները բոլոր բնակավայրեր հասցնելուն ուղղված հարցեր:   
 
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք