Հայաստանի փոխվարչապետն ընդունել է ֆրանսիական Ռոն-Ալպ ռեգիոնի պատվիրակությանը<br />


Հայաստանի փոխվարչապետն ընդունել է ֆրանսիական Ռոն-Ալպ ռեգիոնի պատվիրակությանը

  • 08-10-2010 15:08:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ֆրանսիական Ռոն-Ալպ ռեգիոնի պատվիրակությանը` շրջանային խորհրդի փոխնախագահ Վերոնիկ Մորեյրայի գլխավորությամբ: Ռոն-Ալպ ռեգիոնը գործակցում է Հայաստանի մի շարք համայնքների հետ, եւ փոխվարչապետը բարձր է գնահատել ձեւավորված համագործակցությունը: Վ.Մորեյրան փոխվարչապետին ներկայացրել է Հայաստանի հետ գործակցության սկզբունքները` նշելով, որ մտադիր են համախմբել Ռոն-Ալպ ռեգիոնում տարբեր համայնքների եւ տարբեր ասոցիացիաների կողմից Հայաստանի հետ համագործակցության բոլոր նախաձեռնությունները եւ դրանց առավել համակարգված բնույթ հաղորդել: Որպես գործակցության ուղղություններ նշվել են տնտեսական, գյուղական զարգացման եւ զբոսաշրջության ոլորտները: Ա.Գեւորգյանը ողջունել է նման մտադրությունը` ավելացնելով, որ վերոնշյալ ուղղությունները համահունչ են ՀՀ կառավարության որդեգրած` տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը: Նշվել է, որ վերջին տարիներին մարզերում սոցիալական եւ արտադրական ենթակառուցվածքները բարելավելու առումով զգալի աշխատանքներ են տարվում, կան տեսանելի արդյունքներ, թեեւ անելիքները դեռեւս շատ են: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ նաեւ ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ հնարավոր կլինի հաղթահարել առկա խնդիրները: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած մամլո հաղորդագրության, հյուրերը գոհունակություն են հայտնել ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի աշխատանքներից եւ քննարկված թեմաներից` նշելով, որ հետագա հանդիպումների ընթացքում հնարավոր կլինի շարունակաբար քննարկել գործակցության ուղղությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն