Սիրո և հանդուրժողականության մթնոլորտը թուլություն մեկնաբանելը վտանգավոր է. Վարչապետը՝ Ժիրայր Սեֆիլյանին


Սիրո և հանդուրժողականության մթնոլորտը թուլություն մեկնաբանելը վտանգավոր է. Վարչապետը՝ Ժիրայր Սեֆիլյանին

  • 23-05-2018 17:54:55   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Սիրո և հանդուրժողականության մթնոլորտը որեւէ մեկը թող չփորձի մեկնաբանել որպես թուլության մթնոլորտ, սա շատ վտանգավոր մեկնաբանություն կլինի»,- մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին կապված «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի՝ իրեն ուղղված նամակի հետ: 
 
Ըստ նրա՝ քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է և շարունակվելու է: 
 
«Մենք պետք է հստակ արձանագրենք մի բան, որ չի կարելի բռնության սպառնալիքներով, բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ: Ես հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ, եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, ապա այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում»,- նկատեց վարչապետը՝ հավելելով, որ  եթե քաղաքացիական անհնազանդության ակցիաներն արվում են հեղափոխության անունից, ապա պետք է դադարեցվեն, իսկ եթե դա արվում է ՀՀ ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը նկատմամբ, ուրեմն նշանակում է սաբոտաժ անել հայ ժողովրդի նկատմամբ: 
 
Անդրադառնալով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու որոշմանը՝  Ն. Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ որոշումն իր հետ չի քննարկվել, հետևաբար չի կարող ոչինչ ասել: 
 
Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանի նամակում, մասնավորապես, ասված է. 
 
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
 
Հարգելի՛ պարոն Փաշինյան 
 
Քաղբանտարկյալների, այդ թվում՝ Սասնա Ծռերի, բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով: Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը: Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքի գերակայությանը:
 
Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք և պարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում և դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու և դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար:
 
Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների հոգևոր ու բարոյական վերափոխման հրաշքին: Դրա հետևանքով առաջացած տարակուսելի անորոշությունն է պատճառը, որ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ալգորիթմը: Առավել ևս նրա պահանջը ոչ միայն արդարացի է, այլև նպաստում է հեղափոխությանը և օգնում է հեղափոխական կառավարությանը, Նոր Հայաստանը մեկընդմիշտ ձերբազատելով քաղբանտարկյալների առկայության անպատվաբեր խարանից:
 
Մեկ ամսվա հացադուլն, ի դեպ, մարդու օրգանիզմի համար կրիտիկական սահմանին մոտ վիճակ է առաջացնում: Հուսով ենք, որ քայլ կանեք և կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը:
 
Հարգանքով՝ Ժիրայր Սէֆիլյան Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play