Հաղորդում՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների մասին


Հաղորդում՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների մասին

  • 24-05-2018 12:21:53   | Սյունիքի մարզ  |  Իրավունք

 
Հաղորդում հանցագործության մասին
(ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին)
 
 
Հարգելի պարոն Վանեցյան
 
 
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ներկայացնում եմ սույն հանցագործության մասին հաղորդումն ըստ ներքոշարադրյալի:
 
 
«Սյունյաց երկիր» թերթում հրապարակված նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից հնարավոր է կատարվել են մի շարք ենթադրյալ հանցագործություններ, որոնց ուսումնասիրությունը գտնվում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության իրավասության ներքո: 
 
 
Մասնավորապես, թերթի հրապարակումներում տեղ են գտել հետեւյալ փաստական հանգամանքների մասին տեղեկություններ.
 
1.Ըստ հայտարարագրի՝ 2017 եւ 2016 թվականներին Վահե Հակոբյանը եւ նրա կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, միասին ստացել են գրեթե միեւնույն գումարի աշխատավարձային եկամուտ, չնայած որ Վահե Հակոբյանի աշխատավարձը Սյունիքի մարզպետի պաշտոնի ստանձմամբ պայմանավորված նվազել է 94,471,000 ՀՀ դրամով եւ գրեթե նույն չափով՝ 94,866,608 ՀՀ դրամով, բարձացել է Էլիզաբեթ Պետրոսյանի աշխատավարձը։
 
Աշխատավարձ   Վահե Հակոբյան        Էլիզաբեթ Պետրոսյան           Ընդամենը
 
2016 թվական      100,465,362 դրամ           41,044,757 դրամ          141,510,119 դրամ
 
2017 թվական        5,994,362 դրամ           135,911,365 դրամ          141,905,727 դրամ
 
 
2.Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, 2016թ. փետրվարի 6-ին գործարար Արտյոմ Արտակի Չաքմիշյանից նվեր է ստացել Երեւան քաղաքի Տերյան փողոց, 50 շենք, 22/2 հասցեում գտնվող բնակարանը: 
 
3.Վահե Հակոբյանը մարզպետ եղած ժամանակահատվածում Կապանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ տեղաշարժվելիս բազմիցս օգտվել է ուղղաթիռից, որի համար վճարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ: Համաձայն Սյունիքի մարզպետարանից ստացված պարզաբանման՝ Երեւանից Կապան եւ հակառակ ուղղություններով ուղղաթիռի թռիչքներն իրականացվում են ԶՊՄԿ-ի պատվերով՝ կոմբինատի աշխատակիցներին տեղափոխելու նպատակով: Աշխատանքային գրաֆիկը համընկնելու դեպքում մարզպետ Վ. Հակոբյանն օգտվում է ուղղաթիռի՝ ՀՀ Սյունիքի մարզ եւ հակառակ ուղղությամբ չվերթներից: Մինչդեռ առնվազն սեպտեմբերի 6–ին ուղղաթիռը կանգառ է կատարել քաղաք Սիսիանում՝ անձամբ մարզպետի համար: Ավելին, նույնիսկ գրաֆիկի համընկման դեպքում նրան ըստ պաշտոնի փաստացի առավելություն է տրվում: Ուղղաթիռի մեկ ուղղությամբ Երեւան-Կապան թռիչքն արժե 750 000 ՀՀ դրամ: Մեր տվյալներով՝ մարզպետն առնվազն 7 անգամ օգտվել է այդ ծառայությունից: Այսինքն, մարզպետին տրամադրվել է առնվազն 5 250 000 ՀՀ դրամ արժեքի ծառայություն: 
 
4.Վահե Հակոբյանը մարզպետ եղած ժամանակահատվածում Սյունիքի մարզում բնակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պատկանող պանսիոնատում, որը փակ է հանրության համար:
 
 
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի.
 
«1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
 
[պատժվում է համապատասխան պատժով]:
 
(…)»:
 
 
Վերը նշված փաստերի եւ իրավական նորմի համադրումը հիմք է տալիս ենթադրելու, որ հնարավոր է Վահե Հակոբյանը  կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է՝ անձամբ իր կամ իր կնոջ համար ստացել է դրամ, գույք, այլ առավելություններ՝ անվճար ծառայություններ, իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար:
 
 
Միեւնույն ժամանակ համաձայն հայտարարագրի՝ Վահե Հակոբյանը 2017 թվականին 10 000 դիրհամով (մոտ 3 000 ԱՄՆ դոլար) մասնաբաժին է գնել հավանաբար Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված ընկերությունում եւ նույն 2017 տարում այդ ընկերությունից 636 800 դոլար շահաբաժին է ստացել։ Նշված հանգամանքն առաջացնում է այն տրամաբանական հարցը, թե ինչպե՞ս կարելի է այդքան եկամտաբեր ընկերության մասնաբաժինը գնել այդքան ցածր գնով: Ուստի, կասկած է առաջանում, որ հնարավոր է նշված տվյալները ճիշտ չեն արտացոլվել հայտարարագրում, կամ Վահե Հակոբյանը նշված մասնաբաժինը որպես կաշառք է ստացել, կամ այլ կերպ ապօրինի հարստացել է:
 
 
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի.
 
«1. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը`
 
[պատժվում է համապատասխան պատժով]:
 
2. Նույն արարքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը`
 
[պատժվում է համապատասխան պատժով]»:
 
 
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի.
 
«1. Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝
 
 [պատժվում է համապատասխան պատժով]:
 
(…)»:
 
 
Վերը նշված փաստերի եւ իրավական նորմերի համադրումը հիմք է տալիս ենթադրելու, որ հնարավոր է Վահե Հակոբյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1, 311 եւ 314.3 հոդվածներով նախատեսված արարքներ: 
 
 
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. «Քրեական գործ հարուցելու առիթներն են`
 
 (...)
 
2) հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումները»:
 
 
Ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին կետը, 182-րդ հոդվածի 1-ին մասը՝ խնդրում եմ հանձնարարել պատկան կառույցներին՝ հարուցելու քրեական գործ եւ ուսումնասիրելու նշված փաստերի օրինականությունը:
 
 
Կանխավ շնորհակալություն՝
Սամվել Ալեքսանյան
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր
24 մայիսի 2018թ.
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք