Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանքագործները հայտարարում են անժամկետ գործադուլի մասին


Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանքագործները հայտարարում են անժամկետ գործադուլի մասին

  • 24-05-2018 13:10:40   | Սյունիքի մարզ  |  Վերլուծություն

 
«Սյունյաց երկրի» խմբագրատուն են այցելել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցներ:
 
Նրանք դժգոհում են ընկերության գլխավոր տնօրեն Դիմիտրի Ուշկովի գործելակերպից եւ մանավանդ աշխատավարձերի ոլորտում նրա վարած խտրական ու ոչ արդար քաղաքականությունից: Մասնավորապես նշում են, որ դրսից հրավիրված կամ բերված աշխատակիցները մի քանի անգամ բարձր աշխատավարձ են ստանում, քան նույն կամ գրեթե նույն աշխատանքները կատարող տեղացիները: Հանքագործները, մեր զրուցակիցների հավաստմամբ, պատրաստ են հայտարարելու անժամկետ գործադուլ, եթե ադմինիստրացիան անհապաղ ձեռնամուխ չլինի աշխատավարձերի վերանայման գործընթացին:
 
Ըստ հանքագործների՝ Կապանի կոմբինատն անունով է միայն «Պոլիմետալ» խմբի մեջ մտնող ընկերություն եւ խիստ վերապահումով կարելի է ասել, թե այդ խմբի կողմից է ղեկավարվում: Իրականում Կապանի կոմբինատը եւս ղեկավարվում է մարզպետի անձնական քմահաճույքներով:
 
Կոմբինատում աշխատանքի ընդունվելու համար նույնիսկ գլխավոր պայմանը մարզպետի համաձայնությունը եւ երաշխավորությունն է եւ ոչ մարդկանց մասնագիտական կարողությունը:
 
Կոմբինատում անցկացվող բոլոր կարգի մրցույթների արդյունքը, հատկապես ծառայություններ մատուցելու հարցերով, նախապես որոշվում է մարզպետի գրասենյակում, ինչից հետո Ուշկովը հնազանդությամբ մրցույթի իմիտացիա է ստեղծում՝ «հաղթող» հռչակելով Վահեին նվիրված մարդկանց կամ կազմակերպություններին:
 
Մի խոսքով, ըստ հանքագործների՝ Կապանի կոմբինատը եւս կառավարվում է մարզպետի կողմից, ով էլ, հարկ եղած դեպքում, այդ հանգամանքն օգտագործում է իբրեւ քաղաքական ու տնտեսական մահակ՝ ընդդեմ իր ընդդիմախոսների:
 
Հանքագործներն ուշադրություն են հրավիրում նաեւ կոմբինատ-Կապանի համայնքապետարան համագործակցության նպատակով կնքված պայմանագրերի վրա: Դրանք, հանքագործների հավաստմամբ, մեծամասամբ երեւութականություն ապահովելուն միտված թղթեր են՝ համայնքապետ Աշոտ Հայրապետյանի անձնական պատկերացումներով ու հետաքրքրություններով շաղախված եւ որեւէ կապ չունեն մարզկենտրոնի գլոբալ խնդիրների հետ:
 
Ըստ հանքագործների՝ Ուշկովը դժվար թե կարողանա ինքնուրույն՝ առանց Վահեի խնամակալության աշխատել: Այնպես որ՝ «Պոլիմետալի» ղեկավարությունն Ուշկովի ծառայությունից հրաժարվելու եւ հանրության ու հատկապես լեռնագործների հետ ավելի անկեղծ հարաբերվելու խնդիր ունի, եթե, իհարկե, ուզում է փրկել Կապանի կոմբինատի տարիներով վաստակած վարկանիշը:
 
«Սյունյաց երկիր»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն